«Չի՛ կարելի հիասթափվել մի պայքարից, որը հանուն հայրենիքի է». Արմեն Հարությունյան

ՀՀԿ ուսանողական կազմակերպության նախագահ Արմեն Հարությունյանի կարծիքով՝ 2018թ.-ից հետո ուսանողությունը հիասթափված է, դրա համար ավելի ակտիվ չեն մասնակցում տարբեր ակցիաների:

«2018թ. նրանք ակտիվ էին, բայց տեսան դրա արդյունքը, որ մենք ունենք կորցրած հայրենիք, 5000 զոհ, մեզ վրա մատ է թափ տալիս մեր թշնամին, այդ իսկ պատճառով ուսանողության մոտ ավելի շատ հիասթափություն է, և մենք պետք է աշխատենք, որպեսզի այդ հիասթափությունը վերանա, և նրանք ավելի ակտիվ կերպով ներգրավված լինեն այս պայքարին: Նրանք պետք է տեսնեն, որ այս պայքարը իշխանության գալու պայքար չէ, այլ պայքար է հանուն հայրենիքի»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Արմեն Հարությունյանի խոսքով՝ Փաշինյանն ու իր թիմը տարիներ շարունակ ատելություն էին սերմանել այն ժամանակվա իշխանությունների հանդեպ. «Ուսանողությանն էլ պետք էր տրամադրել օրվա իշխանության դեմ, ինչը ժամանակի ընթացքում հաջողվեց: Այն ժամանակ ուսանողությունն օգտագործվել է, քանի որ ինձ չի թվում, թե որևէ ուսանող երբ իմանար, որ մենք ունենալու ենք նման արդյունք, փողոց դուրս կգար»:

Նա շեշտեց, որ «Դիմադրություն» շարժման ակցիաներին մասնակցող ուսանողների վրա լինում էին ճնշումներ, դրա համար էլ ոչ բոլորն էին մասնակցում.

«Մի քանի բուհերում ուսանողների նկատմամբ եղել են ճնշումներ, օրինակ՝ ավարտական կուրսերում գտնող ուսանողների դիպլոմներն են ուշացրել, բացակաների հետ կապված խնդիրներ են առաջացրել, և այդպես շարունակ: Այդ իսկ պատճառով, ուսանողությունը տեղ-տեղ վախեցել է մասնակցել: Ուսանողը չգիտեր՝ եթե գա՝ մասնակցի հավաքներին, ի՞նչ արձագանք կտա բուհը, իսկ բուհերը քաղաքականացված են: Ընդդիմության շարժման ցանկացած մասնակից ընկնում էր հարվածի տակ»:

Ինչ վերաբերում է ընդդիմության պայքարին, նա նշեց, որ այն չի մարելու. «Այս պայքարը գնալու է մինչև օրվա իշխանության հեռացմանը: Չի՛ կարելի հիասթափվել մի պայքարից, որը հանուն հայրենիքի է: Պետք չէ հիասթափվել, այլ պետք է պայքարել մինչև իշխանափոխությունը: Այս պայքարը իշխանության կռիվ չէ, մենք չենք ձգտում գալ իշխանության, այս պայքարը հանուն մեր պետականության պահպանման է, հանուն Արցախի պահպանման է, իսկ եթե ինչ-որ մեկն ասում է, որ հարթակում կանգնած է մարդ, որին ինքը չի սիրում, այդ մարդուն ուղղակի պատճառ է պետք, որպեսզի ինքը չգա և չմասնակցի ակցիաներին: Պայքարի վերջը լինելու է իշխանափոխությունը, այս պայքարը չի մարելու այնքան ժամանակ, մինչև որ չլինի իշխանափոխություն»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս