Մեկնարկում է ՄԻՊ-ին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի ձևավորման գործընթացը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ մեկնարկում է Պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) ձևավորման գործընթացը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունից:
«Խորհրդի նպատակը երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի գործունեությանն աջակցելն է՝ որպես խորհրդատվական մարմին:
Խորհրդի անդամները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց հուզող հարցերն ու խնդիրները, ինչպես նաև ցուցաբերելու ակտիվ մասնակցությունն իրենց վերաբերյալ որոշումների կայացման հարցում:
Խորհրդի անդամների ընտրության համար հաշվի կառնվեն հետևյալ չափորոշիչները.
սեռը
տարիքը / տարիքային խումբը
կրոնական, ռասայական և Էթնիկ պատկանելիությունը
հաշմանդամություն ունեցող երեխաներ և երիտասարդներ:
Հայտերի ընտրության ընթացքում հաշվի կառնվեն նաև դիմողների աշխարհագրական ծածկույթը և Հայաստանում Արցախից տեղահանված երեխաների և երիտասարդների ներգրավվածությունը:
Հայտերում երեխաները և երիտասարդները պետք է հստակ ներկայացնեն Խորհրդի կազմում ընտրվելու դեպքում մեկ տարվա ընթացքում իրենց գործունեության երեք առաջնահերթ ուղղություններն ու սպասելիք արդյունքները:
Եթե Դուք 10-30 տարեկան եք և Ձեզ հետաքրքրեց այս հնարավորությունը, ապա կարող եք դիմել ՝ լրացնելով ձևաչափը հետևյալ հղումով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Դիմումներն ընդունվում են մինչև 2022 թ. սեպտեմբերի 16-ը ժ. 18:00, որից հետո կամփոփվեն ներկայացված հայտերը, որոնց վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը կներկայացվի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում:
Պաշտպանի աշխատակազմ ներկայացված հայտերից կընտրվեն չափորոշիչներին առավել համապատասխանող 20 հայտերը: Խորհրդի կազմի ձևավորմանը կհաջորդի օրենտացիոն/ուղղորդիչ բնույթի մի քանի հանդիպումներ՝ Խորհրդի աշխատանքներն ու անդրանիկ նիստը լավագույնս կազմակերպելու նպատակով: