Բաժիններ՝

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման աշխատակիցները վերապատրաստման դասընթացների են մասնակցել

Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման ԵԱՀԿ ծրագրի շրջանակներում օգոստոսի 8-12-ն անցկացվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացմանը միտված գործնական դասընթացներ:

Ինչպես  հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից, դրանք Կոմիտեի ծառայողների համար օպերատիվ գործունեության մեթոդների, օպերատիվ աշխատանքի համակարգման և մարտավարության վերաբերյալ առաջին վերապատրաստման դասընթացներն են, որոնք կազմակերպվել են ԵԱՀԿ քարտուղարության Տնտեսական և բնապահպանական գործունեության հարցերով ԵԱՀԿ համակարգողի գրասենյակի և Հակակոռուպցիոն կոմիտեի համատեղ ջանքերով:

Դասընթացի մասնակիցներին միջազգային լավագույն փորձի վրա հիմնված հաջողված դեպքերի օրինակներով ներկայացրել են կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում օպերատիվ աշխատանքի ժամանակակից մեթոդներն ու ապահովվել անհրաժեշտ տեխնիկական խորհրդատվության տրամադրումը:

Անդրադառնալով նշված վերապատրաստումների կարևորությանը` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար Մուշեղ Բաբայանը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ ներկայացուցիչներին սերտ համագործակցության և Կոմիտեի կազմավորումից ի վեր ԵԱՀԿ–ի հետ տարվող արդյունավետ աշխատանքի համար:

Մուշեղ Բաբայանի խոսքով` Հակակոռուպցիոն կոմիտեն, որպես կոռուպցիայի դեմ պայքարի նորաստեղծ մարմին, մեծապես կարևորում է միջազգային հաջողված փորձի ուսումնասիրությունը և բարձր գնահատում ԵԱՀԿ-ի աջակցությունը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարում շոշափելի արդյունքների հասնելու գործում:

Կողմերը երկուստեք համոզմունք են հայտնել, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ԵԱՀԿ-ի միջև ձևավորված սերտ համագործակցությունը շարունակական բնույթ կկրի, իսկ վերապատրաստումների արդյունքում նոր գիտելիքների ձեռքբերումն ու լավագույն փորձի ներդրումը կնպաստեն նորաստեղծ կառույցի ներուժի ամրապնդմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս