
Ուկրաինացի փախստականները խորացրել են կրթական համակարգի ճգնաժամը Գերմանիայում

Գերմանիայում ուսուցիչների սուր անբավարարությունն ուժեղացել է ուկրաինացի փախստականների ինտենսիվ հոսքի պատճառով: Այդ մասին գրում է Die Welt թերթը: Ինչպես նշում է ԶԼՄ-ն, դպրոցական կրթության գերմանական համակարգը տառապում է ինչպես կադրային «սովից», այնպես էլ կազմակերպական չկարգավորվածությունից:
«Ուկրաինացի երեխաների դպրոցական ուսուցումը սովորաբար կախված է տեղի պայմաններից: Շատ են իմպրովիզացիաները, երկրամասերի կողմից չկան կոնկրետ ընթացակարգային ցուցումներ: Դպրոցական վարչակազմը փորձում է երեխաներին տեղավորել գոյություն ունեցող հատուկ դասարաններում, բայց այլ դեպքերում ամեն բան կախված է համապատասխան դպրոցի հնարավորություններից»,-նշում է հոդվածի հեղինակը:
Անյա Բենսինգեր-Շտոլցեն՝ Գիտության եւ կրթության միության անդամը, լրագրողներին հայտարարել է, որ կադրային ճգնաժամն ազդել է գերմանական միջավայրում փախստականների ինտեգրման հնարավորությունների վրա, որտեղ դժվար է խուսափել անհավասարությունից: «Ուսուցիչների անբավարարությունը դպրոցներում լուրջ է եւ ամենից շատ ազդում է նրանց վրա, ովքեր հատուկ աջակցության կարիք ունեն: Գերմանիայում դպրոցի հաջողությունն առաջվա պես կախված է սոցիալական ծագումից»,-ընդգծել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: