Աղվան Հովսեփյանը 100 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը րոպեներ առաջ տեղեկացրեց՝ Դատարանն այսօր հրավիրված հրատապ նիստի ավարտին  որոշեց մասնակիորեն բավարարել Աղվան Հովսեփյանի պաշտպանների միջնորդությունը, թույլատրելի ճանաչել խափանման միջոցներ՝ 100 միլիոն դրամ գումարի չափով գրավի և չհեռանալու մասին ստորագրության կիրառմամբ՝ Աղվան Հովսեփյանին կալանքից ազատ արձակելու հնարավորությունը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։

Հիշեցնենք՝ փաստաբաններն օրերս հայտնել էին, որ  ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը «Նաիրի» ԲԿ-ից «Իզմիրլյան» ԲԿ վերադառնալու ճանապարհին ուշագնաց է եղել, որի պատճառը Հովսեփյանի մոտ այդ պահին արյան մեջ գլյուկոզայի բարձր ցուցիչն է եղել՝ 29 մմոլ/լ, բժիշկներին հաջողվել է գիտակցության բերել Հովսեփյանին, սակայն, ըստ բժիշկների, հաջորդ անգամ հնարավոր է դա հանգեցնի հիպերգլիկեմիկ կոմայի:

Պաշտպանները Աղվան Հովսեփյանի առողջական վիճակով պայմանավորված՝ միջնորդություն էին ներկայացրել դատարան՝ հրատապ նիստ հրավիրելու, խափանման միջոց կալանավորումը փոխելու հարցով:

Տեսանյութեր

Լրահոս