
Գերմանիան կշարունակի ռազմական օգնություն ցույց տալ Ուկրաինային. Շոլց

Գերմանիան ապագայում կշարունակի ռազմական օգնություն ցույց տալ Ուկրաինային, արդեն մատակարարել է արդյունավետ շատ սպառազինություններ՝ «գործողության շատ մեծ շառավղով»: Օգոստսի 11-ին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:
«Մենք դա անում ենք (Ուկրաինային աջակցում ենք), ինչպես դուք գիտեք, զգալի չափով վերջ տալով նախկին շատ պրակտիկաների, երբ մենք զենք ենք մատակարարում. շատ շատ, գործողության շատ մեծ շառավղով, շատ արդյունավետ: Եվ մենք կշարունակենք դա անել մոտ ժամանակներս»,- ասել է Շոլցը՝ հայտարարելով, որ Գերմանիան կշարունակի Կիեւին ցույց տալ նաեւ ֆինանսական օգնություն: Կանցլերն Ուկրաինայի իրադարձությունները համարել է «լրջագույն մարտահրավեր» Գերմանիայի համար՝ Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը որակելով «իրականության փոփոխություն»:
Նրա կարծիքով՝ սկսվել է «նոր ժամանակ», երբ անհրաժեշտ է օգնել Ուկրաինային եւ անհանգստանալ ըստ էության Գերմանիայի անվտանգության մասին: Նա հիշեցրել է, որ այդ առնչությամբ ստեղծվել է հիմնադրամ 100 միլիարդ եվրոյի չափով բունդեսվերի (Գերմանիայի զինված ուժերի) հզորացման համար:
«Այն, որ մենք արագորեն որոշում ընդունեցինք դրա վերաբերյալ, լավ նշան է (Գերմանիայի կառավարող) կոալիցիայի համար»,- կարծում է Գերմանիայի կառավարության ղեկավարը: Շոլցն առաջին անգամ է որպես Գերմանիայի կանցլեր մեծ մամուլի ասուլիս հրավիրել Բեռլինում հավատարմագրված լրագրողների համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: