Կանխեք սպանությունը և դադարեցրեք խոշտանգումը. կալանավորված Պավլիկ Մանուկյանի կնոջ հայտարարությունը
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանի կինը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հրաժարվեք ձեր բաժին սպանությունից
Օրեր առաջ ամուսնուս` Պավել Մանուկյանին ով ունի ծանր հիվանդություններ, կարիք պարտադիր բժշկական վերահսկողության ու հետվիրահատական բուժման գործող իշխանությունը «Իզմիրլյան» ԲԿ-ից տեղափոխել է «Նուբարաշեն» կալանավայր:
Այսօր կալանավայրում այցելելած փաստաբանի մոտ ամուսնուս` Պավել Մանուկյանին բերել են գրկած (շալակած) վիճակում: Ամուսինս ինքնուրույն չի կարողանում տեղաշարժվել, բանտախցի պայմանները բավարար չեն նրա նման հիվանդին պահելու համար (սկսած բնական կարիքները հոգալու հնարավորությունից մինչև բժշկական օգնության տրամադրում): Նման պայմանների պատճառով նրա առողջական վիճակը ծայրահեղ վատթարացել է:
Բավականին բարդ վիրահատությունից հետո հետվիրահատական բուժում և համապատասխան պայմաններ չտրամադրելը հավասարազոր է դարձրել Պավել Մանուկյանին խոշտանգման փաստը:
Ինչու՞ է այս իշխանությունը երազում սպանել մարդուն: Այս հարցի պատասխանը հնարավոր է փնտրում են շատերը: Իմ կարծիքով այս իշխանությունը տառապում է մարդ սպանելու մոլուցքով:
Քանի որ այս պահին համապատասխան պաշտոնյան ով իրավասու է անմիջապես դադարեցնել Պավել Մանուկյանի խոշտանգումը դա «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանն է, ապա դիմում եմ Կամո Մանուկյանին`
պարոն Մանուկյան հրաժարվեք ձեր բաժին սպանությունից` տեղափոխեք Պավել Մանուկյանին «Դատպարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:
Դիմում եմ նաև ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին կանխեք սպանությունը և դադարեցրեք խոշտանգումը:
Մարինե Մանուկյան
11.08.2022թ.»։