Արցախում գրանցվել է hամակարգչային հանցագործության հերթական դեպքը. ՆԳՆ
Վերջին շրջանում Արցախի Հանրապետությունում կրկին աճել է կիբեռ /համակարգչային հանցագործություն/ բնույթի հանցագործությունների դեպքերը: Այս մասին հայտնել են Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունից:
Աղբյուրի տեղեկատվությամբ՝ օգոստոսի 10-ին Ստեփանակերտ քաղաքի 25-ամյա բնակիչ Կ.Է.-ն, ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է դիմել այն մասին, որ օգոստոսի 6-ին առանց իր իմացության «ArCa» համակարգի միջոցով «Արցախբանկ» ՓԲԸ-ում բացված իր աշխատավարձի բանկային քարտից ընդհանուր 440.000 ՀՀ դրամ է փոխանցվել այլ բանկային քարտի հաշվին: Արդյունքում, իրեն պատճառվել է զգալի չափի գույքային վնաս։ Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը:
Վարչությունը միաժամանակ զգուշացնում է քաղաքացիներին, որ կազմակերպված կիբերհանցագործության միջոցով խաբեությամբ գողանում են մարդկանց անձնական տվյալներն ու գումար աշխատում:
Կոչ ենք անում զգույշ լինել և չտրվել խաբկանքներին, ցուցաբերել զգոնություն, մերժել սոցիալական ցանցերում բանկային քարտի հաշվեհամարը մուտքագրելու առաջարկներից և առցանց բնույթի տարբեր գործարքներից: