
Շվեյցարիան պատրաստ է Ուկրաինայի շահերը ներկայացնել Ռուսաստանում

Բեռնը պատրաստակամություն է հայտնել Ուկրաինայի շահերը ներկայացնել Ռուսաստանի տարածքում՝ կապված Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայության հետ: Այդ մասին օգոստոսի 10-ին հաղորդել է SRF հեռուստառադիոհեռաարձակող ընկերությունը՝ վկայակոչելով Շվեյցարիայի ԱԳՆ-ին:
«Ուկրաինան ցանկություն է հայտնել, որպեսզի Շվեյցարիան իր շահերը ներկայացնի Ռուսաստանի տարածքում: Այդ կապակցությամբ բանակցություններն ավարտվել են: Այս պայմանավորվածություններն ուժի մեջ մտնելու համար Ռուսաստանը պետք է հայտնի իր համաձայնությունը»,-հայտարարել է Շվեյցարիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը: Նա նաեւ նշել է, որ Շվեյցարիան վաղուց է պատրաստակամություն հայտնել երկրների միջեւ միջնորդ դառնալու համար:
«Շվեյցարիան պատրաստ է ընդունող կողմի դեր խաղալ բանակցություններում եւ հանդիպումներում… եւ փորձագիտական մակարդակով գիտելիքներին հաղորդակից դարձնել պոտենցիալ բանակցություններում»,-պարզաբանել է Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն ազդարարել է Շվեյցարիայի եւ Ուկրաինայի միջեւ բանակցություններն ավարտվելու մասին եւ ծանոթացրել համաձայնագրի պարամետրերին», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: