Հազարից ավելի հրշեջներ եւ 11 թռչող ապարատներ են պայքարում հրդեհների դեմ Ֆրանսիայի հարավ – արեւմուտքում
Հազարից ավելի հրշեջներ, ինն ինքնաթիռ եւ երկու ուղղաթիռ են ներգրավված անտառային հրդեհների մարման համար Ֆրանսիայի հարավ – արեւմուտքում: Օգոստոսի 10-ին այդ մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարարության ղեկավար Ժերալդ Դարմանենն իր Twitter-ում:
«Կրակի դեմ պայքարի համար, որը վերսկսվել է Ժիրոնդի եւ Լանդերի դեպարտամենտներում եւ արդեն ոչնչացրել ավելի քան 6 հազար հեկտար անտառ, ես որոշում ընդունեցի ուժեղացնել հրշեջների խմբավորումը,- գրել է Դարմանենը:- Կրակի դեմ պայքարին մասնակցում են հազարից ավելի հրշեջներ, 9 ինքնաթիռ եւ երկու ուղղաթիռ, որոնք սարքավորված են ջրանետման համար համակարգերով»:
Ինչպես ճշտել են Ժիրոնդի պրեֆեկտուրայում, կրակի տարածման սպառնալիքի պատճառով տարհանվել է շուրջ 6 հազար մարդ: BFM հեռուստաալիքի տվյալներով՝ կրակն արդեն ոչնչացրել է 16 տուն:
Ծանր իրավիճակի մասին իրազեկված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը «զեկուցումներ է ստանում յուրքանչյուր երկու ժամը մեկ», ճշտել է հեռուստաալիքը: Հրդեհի տարածմանը նպաստում են շոգ եղանակը եւ քամին: Տարեսկզբից կրակը ոչնչացրել է ավելի քան 47 հազար հեկտար անտառ, «ինչը ռեկորդային ցուցանիշ է ֆրանսիայի համար վերջին 15 տարվա ընթացքում»: Նախորդ առավելագույն ցուցանիշն արձանագրվել է 2019 թվականին, երբ հրդեհները ոչնչացրել են ավելի քան 43,5 հազար հեկտար անտառ, ճշտւմ է BFM-ն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: