«Ստեփանակերտը կարող է և պիտի դառնա որոշում ընդունելու տեղ, ու կգան այստեղ որոշում ընդունող մարդիկ». Գեղամ Բաղդասարյան

Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, «Անալիտիկոն» հանդես գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արցախյան քաղաքական իսթեբլիշմենթի ներկայիս խեղճուկրակ վիճակն առնվազը տարակուսանքի տեղիք է տալիս։ Անելանելի իրավիճակ չի լինում, ավելին՝ եղել են ավելի ծանր վիճակներ։

Հարցը նույնիսկ վիճակի ծանրությունը չէ, այլ իրավիճակի համարժեք, սկզբունքային ու շիտակ գնահատականն ու սեփական ռեսուրսների հստակ գիտակցումը։ Սեփական, ասել է թե՝ քոնը, միայն քոնը, միայն քեզնից կախվածը և ուրիշի հետ չհամաձայնեցվողը, ուրիշինը թյուրիմացաբար քոնը չհամարելը։ Ու խնդիրը ռեսուրսների քչությունը չէ, խնդիրը եղածի՝ դրա ներուժի ընկալում-գնահատումն է ու առավելագույնս օգտագործումը։
Եւ ո՞վ է ասել, թե մեր ձեռքին բան չկա կամ քիչ բան կա։ Մեր ձեռքին կա քաղաքական-դիվանագիտական զորեղ գործիքակազմ, որի առկայությունը պարզապես գիտակցել է պետք, և որի ներուժը մեր չբարեկամներն ավելի լավ են գիտակցում ու զգուշանում։
Մեծ խելք պետք չէ անելիքը հասկանալու համար. սկզբունքային ու համարժեք գնահատական տալ իրավիճակին (առանց այդ գնահատականի մեզ ոչ ոք լուրջ չի ընդունի) և իրերն անվանել իրենց անուններով։ Այնուհետև՝ ընդունել սեփական որոշումներ։ Սեփական ու ոչ ոքի հետ չհամաձայնեցված։ Թեկուզև՝ ոչ լավագույն որոշումները, թեկուզև, շախմատային լեզվով ասած, միակ ճիշտ քայլերն առայժմ ի զորու չլինելով անելու։ Բայց քայլ անել, քայլել, վեր կենալ ծնկաչոք վիճակից ու շարժվել, առաջ շարժվել։
Ստեփանակերտը կարող է և պիտի դառնա որոշում ընդունելու տեղ։ Ու կգան այստեղ որոշում ընդունող մարդիկ կամ նրանց ներկայացուցիչներն այլ տեղերից։ Ստեփանակերտը մի անգամ տեսել է դա՝ 90-ականների սկզբներին։ Ասում եմ դա որպես ականատես և մասնակից։ Այդ որոշումներից բոլորը չէ, որ հասկանալի են եղել աշխարհին։ Բայց աշխարհից եկել են այստեղ, քանի որ այստեղ որոշում էր ընդունվում, եկել են՝ հասկանալու համար մեր որոշումների իմաստը, հասկանալու համար մեզ, իսկ մեզ էլ շանս տալով իրենց հասկանալ։
Անելանելի իրավիճակ չի լինում։ Քաղաքական միտք է պետք։ Քաղաքական կամք է պետք։ Քաղաքական որոշում է պետք։ Որոշում ընդունելու պլոճիկ է պետք։ Այսօր մեր մի հայտարարությունը կարող է շփոթահար անել հակառակորդներին ու կեղծ բարեկամներին, իրար խառնել նրանց պլանները։ Մենք այդքան խեղճ չենք իրականում, մենք այդքան խեղճ չպիտի լինենք, մենք այդքան խեղճ լինելու իրավունքը չունենք։ Ու մենք մենակ չենք։ Նույնիսկ նապաստակն անտառում մենակ չէ, նույնիսկ նապաստակն անտառում բնական դաշնակիցներ ունի։ Նույնիսկ նապաստակին է ի վերուստ տրվել փրկվելու և տեսակը պահպանելու շանսեր։
Ամենակարևորը՝ սեփական դեմք ունենալ։ Պահպանել սեփական դեմքը։ Չլղոզվել, չլպրծվել, չաղավաղվել, չծամածռվել, չտարրալուծվել։ Մեկ-մեկ նայենք մեր խորհրդանիշ Պապուտատիկի ուղիղ ու ճիշտ դիմագծերին։ Հենց այդ աչքերով նայենք։ Հենց այդ նպատակով նայենք։
Ու չվհատվել։ Իսկապես՝ անելանելի իրավիճակ չի լինում։ Գործընկերս ճիշտ ժամանակին հիշեցրեց հրեական հայտնի ասացվածքը. անգամ եթե քեզ կուլ են տվել՝ դու ունես ելքի առնվազը երկու ճանապարհ»։

Տեսանյութեր

Լրահոս