Բաժիններ՝

Պարիս Հերունու աստղադիտակի տարածքում կայանալու է էլեկտրոնային երաժշտության փառատոն և քեմփինք

Պարիս Հերունու աստղադիտակը և հարակից տարածքը մի քանի տարով տրամադրվել է ինչ-որ ընկերությանը, ում նախաձեռնությամբ այնտեղ սեպտեմբերի 10-12 կայանալու է էլեկտրոնային երաժշտության փառատոն և քեմփինք: Այս մասին հայտնում են Քարահունջ Հայագիտական կենտրոնի ֆեյսբուքյան էջում:

«Վերջերս մեծ վրդովմունքով տեղեկացանք, որ Պարիս Հերունու աստղադիտակը և հարակից տարածքը մի քանի տարով տրամադրվել է ինչ-որ ընկերությանը, ում նախաձեռնությամբ այնտեղ սեպտեմբերի 10-12 կայանալու է էլեկտրոնային երաժշտության փառատոն և քեմփինք։ Փառահեղ գործիքը նրանց կողմից մատուցվում է որպես «լքված աստղադիտակ», «պատմական հուշարձան» և այլն։

Հերունու աստղադիտակը ենթակա է վերազինման և վիրաշահագործման, ինչը փաստել են նաև մի շարք արտասահմանյան մասնագետներ, բայց «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ն, որին պատկանում է գործիքը, շարունակաբար խոչնդոտում է այդ գործընթացին, և ինչ-ինչ պատճառով շահագրգռված չէ, որ այն աշխատի իր գործառույթների շրջանակներում՝ ի փառս հայ ազգի գիտական մտքի և ի օգուտ Հայաստանի:

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ն, որը պատկանում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը, չնայած որ սարքի պահպանման համար պետությունից տարեկան ստանում է 45 մլն դրամ, ոչ միայն այդ միջոցները չի ծախսում սարքի պահպանության նպատակով (գործիքը այնուամենայնիվ չի հսկվում և թալանվում է), այլև աստղադիտակը վարձով տրամադրում է որպես երաժշտական խմբերի հարթակ, տեսահոլովակների նկարահանման  և անվաչմուշկներով սահելու տարածք:

Վերոնշյալ գործողություններից գործիքը ֆիզիկական վնասներ է կրել, ինչի արդյունքում էլ ավելի են խաթարվել անտենայի ճշգրիտ աշխատանքի պայմանները, և միևնույն ժամանակ այն նվաստասցվել է բարոյապես։

Մասնագետների կարծիքով աստղադիտակը պետք է վերականգնվի իր ամբողջական ներուժին համապատասխան, և ծառայի գիտական, ռազմական ու այլ ասպարեզներում իր նպատակներին, որտեղ ապացուցված է դրա գերազանց պիտանելիությունը։ Որպես աստղադիտակ աշխատացվելու պարագայում, իր տեսակի մեջ աշխարհում եզակի այս գործիքը արդյունքում շատ ավելի մեծ եկամուտ, օգուտներ և այլ համբավ կբերի մեր Հայրենիքին։
Մոտ օրերին «Քարահունջ հայագիտական կենտրոն» ՀԿ-ն հանդես կգա գործնական քայլերի կոնկրետ ծրագրով»,- ասված է գրառման մեջ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս