«Արցախի շփման գծում իրավիճակը լարված է». Հակոբ Հակոբյան

«Արցախի շփման գծում վերջին երկու օրերը լարված իրավիճակ է. 44-օրյա պատերազմից հետո թշնամին գրեթե ամեն առիթ օգտագործում է, որպեսզի լարվածության մեջ պահի այս հատվածում բնակվող մեր հայրենակիցներին, և նման սադրանքները կարծես թե օրինաչափ են դարձել: Այս անգամ մեր ՊԲ-ն կարողացել է իր պարտականությունները բարձր մակարդակով կատարել: Չունենք մարդկային և տարածքային կորուստներ, սակայն, ընդհանուր իրավիճակը լարված է այս պահի դրությամբ»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը:

Հարցին՝ ճի՞շտ է այն տեղեկատվությունը, որ Արցախից ՀՀ զինծառայողների ժամկետից շուտ զորացրում է իրականացվել վերջին օրերի ընթացքում, նա պատասխանեց.

«Այդ գործընթացը արդեն մեկ տարուց ավել իրականացվում է, այն բոլոր զինծառայողները, որոնք ՀՀ-ից ծառայում էին ՊԲ-ում, իրենց ժամկետը լրանալուց հետո զորացրվում էին, և նոր զորակոչ տեղի չի ունենում: Սա հերթական զորացրումն է, ցավոք, վերջինը: Թե որ զինծառայողը երբ է զորակոչվել բանակ և երբ է նրա երկու տարին լրանում, չեմ կարող ասել, չեմ տիրապետում այդ ինֆորմացիային, բայց հայաստանյան իշխանությունները նույնիսկ որևիցե փորձ էլ չեն կատարում այդ գործընթացը խոչընդոտելու, և այն նույն ձևով շարունակվում է: 44-օրյա պատերազմից հետո մենք նկատում ենք, որ Հայաստանն ինտենսիվ իր կապերը խզում է Արցախի հետ, և դա ոչ միայն զինվորական ոլորտին է վերաբերում»:

Հակոբ Հակոբյանի խոսքով՝ Արցախն ու Հայաստանն ի սկզբանե որպես մեկ մարմին են գոյատևել.

«Ֆինանսական, սոցիալական օգնությունները 30 տարի շարունակ եղել են: Իհարկե, Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասում, որ պատերազմից հետո աննախադեպ քանակի ֆինանսական օգնություն է եղել, բայց, ցավոք, Նիկոլ Փաշինյանը ասում է ճշմարտության կեսը, որովհետև եթե նա ունենար այդքան ազնվություն, ապա երբ ասում է, որ աննախադեպ գումարներ են վճարում Արցախին, ապա դրանից հետո պետք է ավելացներ նաև, որ՝ իրենք աննախադեպ վնասներ են տվել Արցախին:

ՀՀ գործող իշխանությունների օրոք Արցախի Հանրապետությունը կորցրեց իր տարածքի գրեթե 75 տոկոսը, ավերվեցին բազմաթիվ բնակելի և ոչ բնակելի շենքեր, տասնյակ հազարավոր մարդիկ տնավեր դարձան, հազարավոր զոհեր ունեցանք, և այս ավերածությունները որևէ կերպ մեղմելու համար, բնական է, որ պետք է աննախադեպ ծախսեր անել: Ժողովրդին մանիպուլյացնել՝ ճշմարտության կեսն ասելով, առնվազն ազնիվ չէ սեփական ժողովրդի նկատմամբ»:

Երեկ Արցախի անվտանգության խորհրդի նիստ է գումարվել, և ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Ադրբեջանը պահանջել է Արցախ-Հայաստան երթևեկությունը նոր երթուղով կազմակերպել:

Հակոբ Հակոբյանի խոսքով՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո գրեթե ամեն օր Ադրբեջանը խախտում է այն, իսկ Հայաստանը՝ որպես համատեղ հայտարարության կողմ, որևէ կերպ չի դիմակայում դրան. «Ասեմ ավելին՝ Հայաստանը հլու-հնազանդ կատարում է բոլոր կետերը: Այդ ճանապարհի մասին մենք նոր չենք իմանում, դա նախատեսված էր և պետք է իրականացվեր, սակայն այստեղ բազմաթիվ հարցեր են առաջանում: Նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված էր Լաչինի միջանցքում նոր երթուղի, որը կարող էր և շրջանցել մեկ կամ երկու բնակավայր, այլ ոչ թե Լաչինի միջանցքից դուրս նոր ճանապարհ՝ անհայտ ճակատագրով: Այստեղ խնդիրն այն չէ, որ Ադրբեջանը արագացնում է կամ ստիպում է, որ մենք անցնենք նոր երթուղուն, այլ խնդիրն այն է, թե մենք որքանով ենք կարողանում դիմակայել այն մարտահրավերներին, որոնք կարող են ի հայտ գալ»:

Հ.Գ. հաղորդումը տեսագրվել է այսօր՝ ժամը 13:00-ին:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս