«Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ»-ն՝ առաջատար
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հունիսի վաճառքների։
Առաջին տեղում է Ռոբերտ Կիյոսակիի «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գիրքը։ «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ»-ն անձնական ֆինանսների կառավարում ուսուցանող թիվ մեկ գիրքն է ամբողջ աշխարհում։ Այն պատմում է Ռոբերտ Կիյոսակիի և նրա երկու հայրիկների՝ հարազատ հոր և լավագույն ընկերոջ հոր հարուստ հայրիկի պատմությունը: Պատմություն, թե ինչպես են այդ երկու տարբեր մարդիկ ձևավորում ներդրումների և փողի մասին իր գաղափարներն ու ընկալումները։ Գիրքը հօդս է ցնդեցնում այն առասպելը, թե հարուստ լինելու համար պետք է ունենալ բարձր եկամուտ, և բացատրում է փողի համար աշխատելու և փողը քեզ համար աշխատեցնելու տարբերությունը։
Երկրորդ տեղում է Ջո Նավարոյի «Ես կարդում եմ Ձեր մտքերը» գիրքը։ Այս գրքում դուք կիմանաք, թե որ նախնադարյան բնազդներն են կառավարում մեր մարմնի լեզուն, ինչու չի կարելի վստահել մարդու դեմքի արտահայտություններին, որն է մարմնի «ամենաանկեղծ» մասը, ինչպես կարդալ դիմացինի իրական մտքերը նրա ձեռքերի, ոտքերի, իրանի և շուրթերի միջոցով, և ինչպես կիրառել այս գիտելիքները՝ ավելի վստահ ու անկեղծ տպավորություն թողնելու համար։ Գրքում ներկայացված են ոչ միայն համոզիչ օրինակներ FBI-ի գործակալի իրական պրակտիկայից, այլև արված են հղումներ ոչ վերբալ հաղորդակցության ոլորտում ամենահայտնի հետազոտողների աշխատություններին: Գրքում կգտնեք նաև պատկերներ, որոնք է՛լ ավելի ընկալելի և հետաքրքիր կդարձնեն ընթերցանությունը:
Երրորդ տեղում է Ջոն Ստրելեքիի «Սրճարան աշխարհի եզրին» համաշխարհային բեսթսելերը: Գրքում հերոսը սեփական կյանքի քաոսից փախչելով հայտնվում է աշխարհից հեռու մի սրճարանում, որտեղ մենյուի հարցերի և մատուցողների հետ զրույցների միջոցով վերագտնում է իր կյանքի իմաստը։ Գիրքը կօգնի յուրաքանչյուրին գտնել իր գոյության նպատակը, փոխել սեփական կյանքը և յուրաքանչյուրին կտա մոտիվացիայի ահռելի չափաբաժին 2021-ը, որպես նոր մարդ, դիմավորելու համար:
Չորրորդ հորիզոնականում է Ջո Նավարոյի «Եղի՛ր բացառիկ» գիրքը։ FBI գործակալ Ջո Նավարոյի նոր գիրքն արդեն հասանելի է հայ ընթերցողին։ Երկար տարիներ FBI-ում աշխատելուց հետո, հեղինակը հերթական անգամ կիսվում է ձեռք բերված փորձով, որը բաժանել է հինգ հիմնական սկզբունքների՝ ինքնատիրապետում, հետևողականություն, կոմունիկացիա, գործողություն, հոգեբանական կոմֆորտ։ Սա իսկական առաջնորդների համար գրքի նոր ֆորմատ է, որն ընթերցողին անպայման կօգնի իսկապես դառնալ և լինել բացառիկ։
Ռոբին Շարմայի «Առավոտյան ժամը 5-ի ակումբը» հինգերորդ տեղում է։ «Առավոտյան ժամը 5-ի ակումբը» մոտիվացիոն աշխատություն է: Այստեղ Շարման փորձում է ընթերցողին սովորեցնել առավոտյան վաղ արթնանալու խորհուրդը: Շարման իր հերոսների օրինակով ընթերցողին օգնում է դառնալ հաջողակ, երջանիկ, ինչու ոչ՝ նաև սիրված: Հերոսների հետաքրքիր և արկածներով լի շրջագայությունները տարբեր երկրներով՝ էլ ավելի ու խորհրդավոր են դարձնում գիրքը:
Վեցերորդ հորիզոնականում է Նապոլեոն Հիլի «Մտածի՛ր և հարստացի՛ր» գիրքը: Ամերիկացի հեղինակի հանրահայտ գրքում ներկայացված են հարստանալու, դրամ ստեղծելու քայլերն ու միջոցները, որոնք հիմնված են ինչպես հեղինակի սեփական, այնպես էլ շատ մեծահարուստների փորձի վերլուծության վրա, կիրառվել և օգտակար են եղել բազմաթիվ մարդկանց հաջողակ դառնալու համար:
Յոթերորդ տեղում է Իլոն Մասկի «Երբ բոլորը քո դեմ են․ Իլոն Մասկն ինքն իր մասին» գիրքը։ Գրքում ամփոփված են մեջբերումներ աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մեկի՝ Իլոն Մասկի հարցազրույցներից ու ելույթներից: Գրքում թեմատիկ բաժիններով առանձնացված են Իլոն Մասկի գործունեության տարբեր ոլորտները՝ SpaceX և Մարսի գաղութացում, Tesla Motors և էլեկտրամոբիլների տարածում, SolarCity և կանաչ էներգետիկա: Բացի դա, մեջբերված են Մասկի ուշագրավ հայտարարություններն ու գաղափարները կադրային քաղաքականության, աշխատանքի և առհասարակ՝ կյանքի մասին:
Ջոն Քեհոյի «Մտքի ուժը: Առաջ դեպի 21-րդ դար» գիրքն ութերորդ տեղում է։ Հեղինակը, երեք տարի մեկուսանալով, կենտրոնացած մտածել է մարդու ուղեղի գործունեության մասին: Ուղեղի անսահման հնարավորությունների ակտիվացման Ջոն Քեհոյի մշակած և համակցած մեթոդները կարող են բարելավել մարդու կյանքը, այն լցնել երջանկությամբ ու հաջողությամբ:
Իններորդ հորիզոնականում է Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը: Ինքնակատարելագործման այս ձեռնարկում հայտնի բլոգերը սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թե անընդհատ ձևեր թափել, իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին։ Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ երջանիկ և հարուստ լինելու համար պետք է ունենալ դրական մտածելակերպ։ Բայց այդ դարաշրջանն ավարտվել է։ Հեղինակը գիտական հետազոտություններով ու սև հումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը լավացնելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես պետք է ուտել այն։ Մենսոնը եզակի մտերմության ազդեցիկ միջավայր է ստեղծում` անձնական պատմություններ պատմելով և երբեմն անպատշաճ հումորով։
Լուսինե Հովհաննիսյանի՝ «Երևա, երևա, Երևան» ինքնակենսագրական հուշագրությունը տասներորդ տեղում է։ Այն պատմում է խորհրդային ու ներկայի քաղաքի բնակիչների մասին՝ նկարագրելով նրանց հավաքական դեմքը։ Գիրքը մեզ վերհիշել է տալիս Երևանի մարդկանց, բույրերը, համերը, գույները, նորաձևությունն ու նույնիսկ սլենգը։ Գրողի, հրապարակախոսի և հոգեբանի ձեռքով պատումը ընթերցողի դեմքին առաջացնում է զգայական բոլոր դիմախաղերը՝ ժպիտ, լիաթոք ծիծաղ, հուսահատություն, տխրություն, ափսոսանք։ Բայց ամեն բան՝ սահուն հեգնանքով։ Վավերագրության ժամանակագրությունն ապահովելով հանդերձ՝ Լուսինեն տեքստում գործածում է հետադարձ անդրադարձումների տեխնիկան՝ ցույց տալու համար երբեմն Երևանի անհետացած անցյալի հակադրվող առավելությունը քաոտիկ իրականության նկատմամբ։