Բաժիններ՝

Երբ աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում. Երևանի քաղաքապետարանն ու «Երևանի ալրաղաց» կոմբինատը միմյանցից տեղյակ չեն

Մեկ ամիս առաջ 168am-ը տեղեկացրել էր, որ քանդվում է «Փեթակ» առևտրի կետրոնի հարևանությամբ գտնվող «Երևանի Ալրաղաց» կոմբինատի սյունաձև շինությունների մի հատվածը:

Քաղաքապետարանում տեղյակ չէին, որ մայրաքաղաքի կենտրոնում ընթանում են քանդման աշխատանքներ։ 168am-ի ահազանգից հետո քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Լևոն Սարդարյանը պարզեց, որ տարածքը պատկանում է մասնավոր ընկերության, որը որոշ ժամանակ առաջ դիմել է Երևանի քաղաքապետարանին՝ ալրաղացի կոմբինատի սյունաձև շինությունների քանդման թույլտվություն ստանալու համար, սակայն մերժվել է ոչ լիարժեք փաստաթղթեր ներկայացնելու պատճառաբանությամբ։ Մերժվելուց հետո ընկերությունն այլևս չի դիմել քաղաքապետարանին և ինքնակամ՝ առանց թույլտվության, նախաձեռնել է քանդման աշխատանքներ։ Դեպքի վերաբերյալ քաղաքապետարանի համապատասխան բաժինը կազմել էր արձանագրություն։

Ո՞ւմ են պատկանում տարածքը, կոմբինատի շենքն ու հարակից շինությունները, ի՞նչ նպատակով են քանդվում և ի՞նչ է նախատեսվում կառուցել դրանց փոխարեն։ Այս հարցերի պատասխանները ստանալու համար 168am-ը դիմեց Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժին։ Մեկ ամիս անց հաջողվեց պարզել, որ քանդման աշխատանքներն իրականացրել է հենց «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ն, որի տնօրենն Էդգար Մկրտչյանն է: Քանդման աշխատանքներն արգելված են, արդեն քանդված շինության մասով կազմվել է արձանագրություն, կիրառվել է վարչական տուգանք: Այլ տեղեկություններ քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժինը չուներ:

Կարդացեք նաև

Համացանցի փնտրման համակարգում «Երևանի ալրաղաց» ԲԲԸ անունով նշված ոչ մի հեռախոսահամար չպատասխանեց: Ընկերության վերաբերյալ համացանցում առկա տեղեկությունները կապվում էին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անվան հետ:

Իր եկամուտների հայտարարագրում Խաչատուր Սուքիասյանը «Արժեթուղթ և ներդրում» բաժնում նշել էր, որ բաժնետոմսեր ունի «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ում:

168am-ը դիմեց Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանին՝ խնդրելով պարզաբանել, թե այնուամենայնիվ ինչ նպատակով է քանդվել ալրաղացի կոմբինատի սյունաձև շինության մի հատվածը և ինչու է դա արվել առանց քաղաքապետարանի թույլտվության:

Աննա Մկրտչյանը պարզաբանեց, որ շինության այդ հատվածը քանդվել է սեյսմիկ վտանգավորության աստիճանը հաշվի առնելով, իսկ քանդված շինության փոխարեն կառուցապատում իրականացնելու ծրագիր չկա:

Հարցին, թե ինչու են քանդման աշխատանքներ իրականացրել առանց քաղաքապետարանի թույլտվության, Աննա Մկրտչյանը նշեց, որ դիմել են քաղաքապետարան, տեղեկացրել, որ կա սյուներից մեկի փլուզման վտանգ, սակայն քաղաքապետարանից այդպես էլ որևէ պատասխան չեն ստացել: Խոսնակն առաջարկեց քաղաքապետարանից ճշտել բոլոր մանրամասները, քանի որ արձակուրդային սեզոն է և «Երևանի ալրաղաց» ընկերությունում բոլորը գտնվում արձակուրդում:

«Երևանի ալրաղաց» ընկերությունից ցանկացած կոնտակտ մեզ տրամադրելու խնդրանքին ի պատասխան՝ Աննա Մկրտչյանն ասաց, որ կոմբինատը տասնյակ տարիներ չի աշխատում, իսկ տնօրեն Էդգար Մկրտչյանը Հայաստանում չէ:

«Զանգեք սեպտեմբերին, որ կարողանամ պաշտոնապես ինչ-որ տեղեկություն ասել, հիմա չեմ կարող ինձնից բան հորինել ու ասել»,- խորհուրդ տվեց Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը:

Աննա Դեմիրճյան

Տեսանյութեր

Լրահոս