Այս կանխատեսումներն ամրացնում են իմ այն փաստարկները, որ ներկայիս տնտեսական ակտիվության 11,8% աճն իր մեջ ունի էական ռիսկեր. Արամյան

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արժույթի Միջազգային Հիմնադրամը երեկ հրապարակեց Գլոբալ Տնտեսության Հեռանկարների հուլիսյան կանխատեսումները։ «Մռայլ և ավելի անորոշ – Gloomy and More Uncertain», ահա այսպես է կոչել նոր տնտեսական իրավիճակը, որի ներքո տնտեսական աճի իր կանխատեսումները վատացրել է՝ ապրիլյան կանխատեսումների համար։ Ընդ որում՝ ԱՄՀ-ն կարծում է, որ 2023թ․ ավելի թույլ տարի է լինելու՝ հիմանակնում պայմանավորված ներկայիս գործոնների լագային էֆֆեկտով (Չինաստանում կովիդ-ի համավարակ, անշարժ գույքի շուկայի խնդիրներ և տնտեսության թուլություններ, տրասպորտային խնդիրներ, էներգակիրների դեֆիցիտ և գների աճ, բարձր գնաճ և այլն) և հատկապես աշխարհի ԿԲ-ների տոկոսադրույքների ագրեսիվ աճերի արդյունքում։

Այսպես՝ աշխարհի տնտեսական աճը 2022 և 2023թթ վատացրել է -0,4 և -0,7 տոկոսային կետերով, սահմանելով 3,2% և 2,9%: ԱՄՆ, Եվրոպա և Չինաստանի տնտեսություններում կանխատեսումների պատկերը հետևյալն է՝

ԱՄՆ – 2022-ին 2,3%, 2023-ին 1,0%, վատթարացումները, համապատասխանաբար, -1,4 և -1,3 տոկոսային կետ

ԵՄ – 2022-ին 2,6%, 2023-ին 1,2%, վատթարացումները, համապատասխանաբար, -0,2 և -1,1 տոկոսային կետ

Չինաստան – 2022-ին 3,3%, 2023-ին 4,6%, վատթարացումները, համապատասխանաբար, -1,1 և -0,5 տոկոսային կետ

Հետաքրքրական է, որ ՌԴ-ի տնտեսական աճի կանխատեսումները 2022թ համար բարելավել է, սակայն վատացրել 2023թ համար
ՌԴ – 2022-ին՝ -6,0%, 2023-ին՝ -3,5%, բարելավումը, համապատասխանաբար, 2,5 տոկոսային կետ և վատթարացումը՝ -1,2 տոկոսային կետ։

Փաստացի ՌԴ տնտեսության համար կուտակային երկու տարիների համար աճը բարելավել է և սա հերթական փաստարկն է լինելու Եվրոատլանտիկ բլոկի կողմից կիրառվող սանկցիաների ջատագովների օպոնենտների համար, որ սանկցիաները ցանկալի արդյունք չեն տալիս․ փաստացի ավելի շատ վնասում են Եվրոատլանտիկ բլոկի տնտեսություններին, քան ՌԴ-ին։

Ինքս կարծում եմ, որ կարճաժամկետում, թերևս, կարելի է դա ասել (թեև ամեն դեպքում ՌԴ-ում անկում է կանխատեսում ԱՄՀ-ն), սակայն երկարաժամկետում ՌԴ տնտեսությունը տեխնոլոգիական լուրջ հետնահանջ է ունենալու և կորցնելու է տնտեսական պոտենցիալ։

Ինչ վերաբաբերում է Հայաստանին, ապա գլոբալ զարգացումները և այս կանխատեսումներն ամրացնում են իմ այն փաստարկները, որ ներկայիս տնտեսական ակտիվության 11,8% աճն իր մեջ ունի էական ռիսկեր։ Այն հիմնականում արտածին գործոնների՝ այցելուների աճի և ֆինանսական ներհոսքի արդյունք է, և երբ դրանք թուլանան կամ կանգ առնեն, մեր տնտեսությունը բախվելու է էական դժվարությունների հետ։

Ե՞րբ է դա լինելու՝ դժվար է ասել (6 ամիս, 1 կամ 1,5 տարի հետո), քանի որ այն ուղղակի առնչվում է աշխարհաքաղաքական զարգացումների հետ, բայց որ ունենք պահանջարկով քաշվող տնտեսական աճ՝ դա փաստ է, որը վտանգավոր է»։

Տեսանյութեր

Լրահոս