
Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի ուղղությամբ երկաթուղու տոմսը թանկանում է

Հուլիսի 25-ից Թբիլիսիից Բաթումի և հակառակ ուղղությամբ շարժվող գնացքների տոմսերի գինը բոլոր դասերի ուղևորների համար կբարձրանա։ Ամենաշատը կբարձրանան ամենաէժան տոմսերը, փոխանցում է aliq.ge-ն:
- երկրորդ կարգի տոմսերը 25 լարիի փոխարեն կարժենան 34 լարի (գինը բարձրանում է 36 տոկոսով),
- առաջին կարգի տոմսերը՝ 60 լարիի փոխարեն կարժենան 74 լարի (23 տոկոս),
- Բիզնես կարգի տոմսերը՝ 100 լարիի փոխարեն կարժենան 124 լարի (24 տոկոս)։
«Այլընտրանքային տրանսպորտով երթևեկության սակագները սիստեմատիկորեն բարձրանում են: Չնայած ընկերության ծախսերը մասնակի փոխհատուցելու նպատակով ճանապարհածախսի թանկացմանը, երկաթուղային տրանսպորտով երթևեկության սակագինը դեռ մնում է ավելի էժան՝ համեմատած այլընտրանքային տրանսպորտի հետ»,-ասել են երկաթուղու կազմակերպությունից։
Ուսանողների, պատերազմի վետերանների և երկաթուղու աշխատողների համար նախատեսված բոլոր զեղչերը կշարունակեն գործել: