Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը տարվա առաջին կիսամյակում աճել է 11.8 տոկոսով
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022 թվականի հունվար-հունիսին 11.8 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 5.8 տոկոսով:
Գյուղատնտեսական համախառն ներքին արտադրանքի ծավալը այս տարվա առաջին 6 ամսում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 5.5 տոկոսով:
Շինարարության ծավալը 2022-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 12.7 տոկոսով:
Առևտրի շրջանառությունում 2022-ի առաջին 6 ամսում 2021-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացումը կազմել է 10.7 տոկոս:
Հայաստանում այս տարվա հունվար-հունիսին մատուցված ծառայությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 26.9 տոկոսով:
2022 թվականի հունվար-հունիսին սպառողական գների ինդեքսը 2021-ի հունվար-հունիսի համեմատ աճել է 8.1 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 7.8 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 14.8 տոկոսով:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա առաջին 6 ամսում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արձանագրվել է 44 տոկոս աճ: Ընդ որում` 2022 թվականի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արտահանումն աճել է 36.3 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 48.7 տոկոսով:
Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-հունիս ամիսներին կազմել է 468.24: