
Կոչ ենք անում հոգատար լինել շրջակա միջավայրի նկատմամբ․ ՇՄ նախարարություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հանգիստը բնության գրկում կազմակերպող քաղաքացիներին կոչ է անում ու հորդորում ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ մասնավորապես, կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը։
«Այսօր` Վարդավառի տոնին և, առհասարակ, հանգստյան օրերին ամառվա տապից պաշտպանվելու նպատակով ձեզանից շատերն իրենց հանգիստը կկազմակերպեն բնության գրկում։
Ուստի, ևս մեկ անգամ կոչ ենք անում ու հորդորում՝ ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ մասնավորապես կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը։
Ձեր առօրյա կյանքում ու կենսագործունեության ընթացքում, գտնվելով բնության գրկում, այցելելով մեր անզուգական բնաշխարհի չքնաղ անկյուններն ու բնական հուշարձանները, դրսևորե՛ք բարձր քաղաքացիական ինքնագիտակցություն և հոգատար վերաբերմունք ցուցաբերե՛ք մեր անկրկնելի բնական հարստությունների նկատմամբ։
Հանգստի ընթացքում՝
– Աղբ մի՛ նետեք բնության մեջ,
– Մի՛ վնասեք բնական միջավայրի անխաթարությունը,
– Առանց անհրաժեշտության խարույկ մի՛ վառեք։ Խարույկը մարեք ջրով կամ հողով,
– Պահպանե՜ք հակահրդեհային անվտանգության կանոնները:
Հայաստանի բնությունը մեր ընդհանուր հարստությունն է, իսկ դրա մասին հոգ տանելը` յուրաքանչյուրիս պարտավորությունը»,- շեշտել է ՀՀ ՇՄ նախարարությունը։
Lուսանկարում Փառակատար լեռը, որը գտնվում է Վայոց ձորի մարզում, բարձրությունը կազմում է 2528 մ: Լեռան գագաթից բացվում է տեսարան դեպի Վայքի, Զանգեզուրի լեռները, Որոտանի լեռնացքը և Արտավանի լիճը, վերջինիս վրա բնությունը պատկերել է աշխարհի քարտեզը: