
Գենդերային հավասարության ցուցանիշով 146 երկրների ցանկում Թուրքիան 124-րդն է

Համաշխարհային տնտեսական ֆորումը (WEF) հրապարակել է գենդերային հավասարության ամենամյա զեկույցը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
WEF-ի կազմած ցանկի առաջնային տեղերում հայտնվել են Իսլանդիան, Ֆինլանդիան, Նորվեգիան, Նոր Զելանդիա, Շվեդիան և Ռուանդան։ Վերջին հորիզոնականներում հանգրվանել են գտել Իրանը, Աֆղանստանը, Պակիստանը և Կոնգոն։ Թուրքիան 146 երկրներ ընդգրկող հիշյալ ցանկում զբաղեցրել է 124-րդ տեղը:
Նշենք, որ Հայաստանը գենդերային հավասարության վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 89-րդ տեղը, Վրաստանը՝ 55-րդ, իսկ Ադրբեջանը՝ 101-րդ։
Նշվում է, որ չնայած Թուրքիան նախորդ տարվա վարկանիշային աղյուսակում 9 աստիճանով բարելավել է դիրքերը, այնուամենայնիվ զիջում է այնպիսի երկրների, ինչպիսիք են՝ Եթովպիան, Ինդոնեզիան, Գանան և Նիգերիան։
Ուսումնասիրության համար հիմք են ծառայում կանանց մասնակցությունը տնտեսության մեջ, հնարավորությունների հավասարությունը, կրթության հնարավորությունները, առողջապահությունը և ներգրավվածությունը քաղաքականության մեջ։