Փաշինյանի համար իշխանությունն անվտանգություն է, և եթե պաշտոնաթող լինի, կզրկվի նաև անվտանգությունից․ Աղասի Ենոքյան

Իշխանության գալու առաջին իսկ օրերից Նիկոլ Փաշինյանը Հայաստանի արտաքին քաղաքականությունը հանձնել է այլոց, հիմնականում՝ Ռուսաստանին։ Այսօր այնքան ծանր վիճակում ենք, որ Հայաստանն արտաքին քաղաքական քայլեր չի կարող անել։ Օրերս Իլհամ Ալիևը խոստովանեց, որ Եվրախորհրդարանն իր հանդեպ ավելի թշնամաբար է տրամադրված, քան Հայաստանի խորհրդարանը։ Սա նշանակում է, որ դեռևս հնարավոր է քայլեր ձեռնարկել, բայց այս ամենը մեկ մարդու՝ Դավիթ Շահնազարյանի աշխատանքի արդյունքն է Եվրախորհրդարանում։ Պետական ջանք չկա, ամեն ինչ արվում է անհատների ջանքերով։ Հայաստանի իշխանություններին պարզապես ձեռնտու է ոչինչ չանելը։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը։

«Նիկոլի արտաքին քաղաքականության մեջ երկու հետաքրքրական առանձնահատկություն կա։ Առաջինն այն է, որ նա երբեք ոչ ոքի չի մերժում, և ով ինչ առաջարկով իրեն դիմում է, նա համաձայնում է, անգամ, երբ այդ առաջարկները հակասում են իրար։ Բնականաբար, նա խաբում է շատերին, և նրանք գիտեն Նիկոլի բնավորության այդ գիծը։ Այստեղ երկրորդ հարցն է առաջանում՝ իսկ ինչո՞ւ են նրա հետ գործում, ինչո՞ւ է այսօր Նիկոլը հարմար գործընկեր թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի, թե՛ Թուրքիայի համար։ Բանն այն է, որ ի տարբերության այլ քաղաքական գործիչների, Հայաստանի այլ ղեկավարների՝ Նիկոլն իր չմերժելու, բոլորի հետ համաձայնելու մեջ որևէ քաղաքական պահանջ չի դնում։

Օրինակ, Ռոբերտ Քոչարյանը հարցեր էր բարձրացնում ներդրումների, Արցախի մասին, Սերժ Սարգսյանը ԵԱՏՄ մտնելուց որոշակի վերապահումներ հայտնեց, օրինակ՝ երկար ժամանակ մեքենաների մաքսազերծումն ավելի ցածր տարիֆներով էր արվում, Եվրամիության հետ կնքեց GSP+ համակարգը, որն այսօր չի գործում, ԵՄ-ից խոստում կորզեց, որ 2020-ին վիզաները կազատականացվեն։ Իսկ Փաշինյանն ընդամենը մեկ պահանջ է դնում իր գործընկերների առաջ՝ իր անվտանգությունը»,- ասաց հասարակական գործիչը։

«Փաշինյանի անվտանգության խնդիրն իր իշխանության խնդիրն է, քանի որ, եթե նա զրկվի իշխանությունից, իր անվտանգությունը հարցականի տակ կհայտնվի։ Սա այնպիսի հարց է, որին բոլորն «այո» կասեն, քանի որ իրենցից մեծ ջանքեր չի պահանջում, և հասկանում են, որ եթե Նիկոլը կարողանա լուծել իրենց խնդիրները, ապա կմնա իշխանության։ Հայաստանի բնակչության մեծ մասը չափազանց անտարբեր է այս աղետի հանդեպ, խոր դեպրեսիայի մեջ է և անգամ սպառնալիքների մասին չի մտածում՝ ենթադրելով, որ դա ապագայում է լինելու, իսկ իրեն վաղվա օրն ու հացի խնդիրն է հետաքրքրում։ Ամենածիծաղելի իրողությունն այն էր, որ աշխարհի թիվ մեկ լրտեսը՝ ԿՀՎ ղեկավար Բըրնսը, եկավ Հայաստան, և մեր ԱԱԾ-ն ասաց, որ տեղյակ չէ այդ մասին, դա պետության չգոյության խոստովանություն է։ Կրկին բոլորը եկել ու իրենց պահանջներն են առաջ քաշել Նիկոլի առջև, ու նա բոլորի հետ էլ համաձայնել է»,- նշեց Աղասի Ենոքյանը։

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ Բըրնսի այցը կարող է կապված լինել Հայաստանի և հարևանների հարաբերությունների, ավելի կոնկրետ՝ Մերձավոր Արևելքում Հայաստանի որևէ գործակատարական դերակատարման հետ․ «Ամենատրամաբանականն այն է, որ Բըրնսի այցը կապված էր տարածաշրջանում ռուսական ազդեցության նվազեցման հետ։ Փորձ է արվում Հայաստանում երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։ Եթե Ադրբեջանի, Նախիջևանի և Թուրքիայի միջև հաղորդակցությունների վերաբացման ցանկություն կա, արդեն իսկ կան առկա ճանապարհներ, որոնք պետք է գործարկել՝ Նախիջևան-Երևան-Աղստաֆա-Բաքու երկաթգիծը՝ դեռևս խորհրդային տարիներին կառուցված, կամ Իջևան-Ղազախ ավտոճանապարհը։ Թող դրանք գործարկեն և տեսնեն՝ արդյոք դրանք աշխատո՞ւմ են։ Այս ճանապարհները գոյություն ունեն, թող փորձեն դրանք աշխատեցնել և տեսնել՝ արդյոք ավտոմեքենաների և գնացքների անվտանգությունն ապահովվո՞ւմ է»:

«Սկզբում Ռուսաստանը կարծես միջանցքի բացման ջատագովն էր, կարծում էր, թե դրա նկատմամբ վերահսկողություն կունենա և այդպիսով կկարողանա մի կողմից՝ լրացուցիչ զորքեր տեղակայել, ապա և՝ փող աշխատել, անգամ Թուրքիայի վրա ազդեցության լրացուցիչ լծակ ձեռք բերել։ Բայց հետո կարծես հաշվարկեցին, որ իրենց համար դժվար, եթե ոչ՝ անհնար կլինի այդ ճանապարհի նկատմամբ վերահսկողություն սահմանելը, և Մոսկվան հրաժարվեց այդ գաղափարից։ Դրան գումարվեց Թեհրանի ճնշումը։ Այնպես որ, այս հարցը կարծես օրակարգից դուրս է, և նրանք, ովքեր խոսում են այդ մասին, սպասում ունեն, որ Ռուսաստանի և Իրանի դերակատարումը կնվազի։ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են այդ հարցը կենդանի պահել, բայց այն արդեն օրակարգից դուրս է»,- ամփոփեց Աղասի Ենոքյանը:

Տեսանյութեր

Լրահոս