Ուկրաինան և Ռուսասատանը փաստացի պայմանավորվեցին Սև ծովով հացահատիկի արտահանման խնդրի շուրջ. Վարուժան Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ Ուկրաինան և Ռուսասատանը փաստացի պայմանավորվեցին Սև ծովով հացահատիկի արտահանման խնդրի շուրջ: Թուրքիան երկու ամիս տևած բանակցությունների գլխավոր միջնորդն էր, ՄԱԿ-ի հովանու ներքո պայմանագրերն էլ ստորագրվեցին Ստամբուլում:
Եվ սա կարելի է համարել Թուրքիայի համար կարևոր դիվանագիտական նվաճում, քանի որ այժմ ի պատասխան Արևմուտքի ճնշումների` միանալու հակառուսական պատժամիջոցներին, Թուրքիան հնարավորություն ունի խաղարկելու միջնորդի հաղթաթուղթը` «բա որ մենք չլինենք, ո՞վ է ռուսների հետ կարողանալու բանակցել»:
Ճիշտ գնահատելով սեփական աշխարհագրական ու աշխարհաքաղաքական դիրքը` Թուրքիան կարողանում է իր համար առավելագույնը քաղել երկու բևեռների բախումից` նրբորեն առաջ տանելով իր սեփական շահը Մեծ Մերձավոր Արևելքի ողջ տարածաշրջանում` Սիրիայից մինչև Կովկաս և Միջին Ասիա:
Սակայն պետք է հիշել, որ չնայած արտաքին ու ոչ այնքան էական հակասություններին, Թուրքիայի արտաքին քաղաքականությունը իր խորքի մեջ համընկնում է Արևմուտքի շահերին, քանի որ նշված գոտիներում Թուրքիայի ազդեցության մեծացումը տեղի է ունենում գերազանցապես ի հաշիվ Ռուսաստանի»: