Ե՞րբ է ընդդիմությունը կանխատեսում Հայաստանում հաջորդ ընտրություններ․ ԵԽ արտաքին հարցերով կոմիտեի նախագահի ուշագրավ հարցը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ԱԺ-ում  Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի հետ ունեցած հանդիպմանը, նշեց, որ եվրոպացի պաշտոնյան հետաքրքրվել է, թե ըստ ընդդիմության` ե՞րբ են կանխատեսում Հայաստանում հաջորդ ընտրությունները, իսկ ինքն էլ պատասխանել է, որ 2021 թվականին Հանրապետական կուսակցությունն ընդդիմադիր դաշտից վերջինն էր, և առհասարակ քաղաքական կուսակցություններից, որը համաձայնել է մասնակցել «ֆարսին»՝ ընտրություններին։

«Ներկայացվեցին պատճառները, թե ինչու մենք չէինք կարող մասնակցել Փաշինյանի կազմակերպած ընտրություններին, առաջին հերթին այն բազմաթիվ կեղծիքների պատճառով, որոնք իրականացվել են թե՛ ընտրություններից առաջ, թե՛ դրանից հետո։ Նաև ատելության խոսքի տարածումը, մուրճով քարոզարշավը, բանակի և վարչական ռեսուրսի օգտագործումը և այլն։ Պարոն Մքալիսթերի հարցը, իհարկե, չեմ կարող ասել, թե ինչ տրամաբանությամբ ը տրվեց, բայց պատասխանը նույնն է, ինչ եղել է 2021 թվականին Հանրապետականի դիրքորոշումը։ Փաշինյանի կազմակերպած ընտրությունները չէին կարող լուծել Հայաստանում ձևավորված քաղաքական ճգնաժամը»,- նշեց Հայկ Մամիջանյանը։

Ըստ պատգամավորի, նմանատիպ հանդիպումներից շատերի դեպքում ընդդիմադիր պատգամվորների առջև կանգնում է մեծ դիլեմա՝ օտարերկրյա գործընկերների հետ հանդիպման կարճ ժամանակն օգտագործել ԼՂՀ  ու առհասարակ արտաքին քաղաքականության ոլորտում երկրի առջև ծառացած խնդիրները բարձրաձայնելու համար։

«Պարոն Մքալիսթերին ես տեղեկացրեցի նաև իմ գրած նամակի մասին, որ հանդիպում եմ պահանջում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հետ, իսկ հանդիպման երկրորդ հատվածը նվիրված էր ներքաղաքական խնդիրներին։ Մեր գործընկերները հետաքրքրվեցին, թե ի՞նչ կանեինք մենք, եթե լինեինք իշխանություն։ Բնականաբար, սկսեցինք նրանից, որ այս ամենը նման վիճակի չէինք հասցնի, մենք էլ ներկայացրեցինք հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված հստակ, մեղմ ասած, թերացումները, որոնք կան այս իշխանության կողմից»,- հավելեց Հայկ Մամիջանյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս