Դատարկելու են ոչ միայն Արցախը, այլ նաև Հայաստանը. Կարեն Քոչարյան
Հայկական աշխարհից կորցրած տարածքների նկատմամբ հասարակության մի մասի անտարբերության պատճառը բթացած բնազդներն են. բթացած է նաև հասարակության այդ շերտի գիտակցությունը, որն ուղիղ կապ ունի մարդկանց կրթվածության մակարդակի հետ, ինչը մեզանում լուրջ խնդիր է։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Հայաստանին և Արցախին սպառնացող գոյաբանական վտանգների նկատմամբ հասարակության մի մասի անտարբերության պատճառների մասին, նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ, վերլուծաբան Կարեն Քոչարյանը։
Նրա փոխանցմամբ՝ այդ սպառնալիքներն ահազանգող ընդդիմադիր պայքարի մասնակից ուժերը, ի թիվս այլ սխալների, սխալվեցին նաև, երբ պայքարի հիմքում դրեցին միայն հայրենասիրական և ազգային գաղափարախոսություն, թեև մայիսից արդեն պարզ էր, որ միայն ազգայինն ու հայրենասիրականը բավարար չեն։
«Այս ընդդիմությունը շարունակեց նույն լոզունգներով, ինչը, կարծում եմ, սխալ էր։ Պետք էր նաև սոցիալական հարցեր բարձրաձայնել, հասնել նպատակին և հետո նոր իրականացնել այն լոզունգները, որոնց վրա հիմնվելով՝ ծավալել են պայքարը, որովհետև ակնհայտ էր՝ առանց իշխանություն վերցնելու՝ դա անել հնարավոր չէր»,- ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանն այսօր կանգնած է դեմոգրաֆիական լրջագույն խնդիրների առաջ, ինչը ևս պետք է շեշտեր ընդդիմությունն իր պայքարի ընթացքում։
«Սոցիալական այնպիսի խնդիրներ ունենք, որոնք բերելու են դեմոգրաֆիական խնդիրների, որոնք դատարկելու են ոչ միայն Արցախը, այլ նաև Հայաստանը։ Սա էլ է անվտանգության խնդիր, որովհետև, եթե մարդուն չի հետաքրքրում Արցախի կորուստը, գոնե իր տան կորուստը կամ իր սոված մնալը կարո՞ղ է հետաքրքրել»,- ասաց Քոչարյանը։
Ըստ քաղտեխնոլոգի՝ սեպտեմբերին պայքարի նոր մարտավարություն խոստացած ընդդիմությունը չի կարողացել աշխատել նաև արտաքին ուժերի հետ, թեև, արտաքին աշխարհը 30 տարի միջամտում է ՀՀ ներքին գործերին, բայց կա մի կարևոր շեշտադրում՝ նայած, թե ի՞նչ չափով է միջամտում, ուստի արտաքին ուժերի հետ աշխատանքը պետք է ինչ-որ տեղ սովորի նաև իշխանությունից։
Ինչ վերաբերում է անոմալ շոգի պատճառով հանրահավաքի հետաձգմանն ու հարցին՝ շոգին հայրենիք չե՞ն փրկում, Կարեն Քոչարյանը պատասխանեց.
«Իսկ ինչ է՝ նման բան ասողները 40 աստիճան շոգին դուրս են գալու հայրենիք փրկե՞ն, իհարկե՝ ոչ, պարզ է, չէ՞, որ ընդդիմությանը կպնելու առիթ է պետք, դա էլ անում են»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում