«Mitsubishi Heavy Industries Russia» ընկերությունը ցանկանում է գործունեություն ծավալել Հայաստանում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարար Ռոբերտ Խաչատրյանը հուլիսի 19-ին ընդունել է «Էմ Էյջ Այ Ռուս» (Mitsubishi Heavy Industries Russia) ընկերության պատվիրակությանը՝ գլխավոր տնօրեն Յասուշի Կակիտսուկայի գլխավորությամբ։ ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից տեղեկացնում են, որ Ռոբերտ Խաչատրյանը հյուրերին է ներկայացրել Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի ներկա վիճակը, զարգացումներն ու մարտահրավերները, մատնանշել հնարավոր համագործակցության ուղիները:
Յասուշի Կակիտսուկան իր հերթին մանրամասնել է ընկերության գործունեության ուղղություններն ու ոլորտները, նախանշել փոխգործակցության հնարավոր սցենարները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Կողմերն ընդգծել են, որ համագործակցությունը կարող է լուրջ կամուրջ հանդիսանալ նոր բիզնես կապերի ձևավորման և գործունեության ծավալման համար: Կարծիքներ են փոխանակվել նաև տեխնոլոգիական ընկերությունների հետ հանդիպումներ կազմակերպելու, ծրագրերի շուրջ քննարկումներ անցկացնելու հնարավորությունների վերաբերյալ։

«Էմ Էյջ Այ Ռուս» (Mitsubishi Heavy Industries Russia) ընկերությունը մտադիր է ՀՀ կառավարության հետ գործակցության ուղիներ նախանշել, որոնց հստակեցումից հետո անմիջապես գործունեություն ծավալել Հայաստանում։

Տեսանյութեր

Լրահոս