ՊԵԿ հայտարարությունը՝ արտահանման ժամանակ միջազգային փոխադրման դատարկ տրանսպորտային միջոցների քաշերի վերաբերյալ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ըստ ընդունված գործելակերպի արտահանում իրականացնող մեր քաղաքացիները և ընկերությունները, նախքան ապրանքները բեռնատար տրանսպորտային միջոցներում բեռնելը, դատարկ տրանսպորտային միջոցները կշռում էին ժամանակավոր պահպանման պահեստներում, մաքսային հսկողության ներքո՝ մաքսային հայտարարագրերում ապրանքների քաշերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ներկայացնելու նպատակով։
ՊԵԿ-ը հայտնում է, որ արտահանման ժամանակ միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների դատարկ քաշերը ճշտելու համար դրանք ժամանակավոր պահպանման պահեստներ տեղափոխելը և մաքսային հսկողության ներքո կշռելը մաքսային օրենսդրությամբ պարտադիր գործառույթ չէ: Հետևաբար, մաքսային հայտարարագրերում ներկայացվող նշված տեղեկությունների ստացումը կարող է իրականացվել մաքսային հսկողությունից դուրս՝ փոխադրողից տեղեկությունների ստացման, նախընտրելի վայրում կշռման կամ ցանկացած այլ եղանակով։
Միևնույն ժամանակ ՊԵԿ-ը հիշեցնում է, որ բոլոր դեպքերում խիստ կարևոր է մաքսային մարմիններին ներկայացվող մաքսային հայտարարագրերում՝ ի թիվս այլ տեղեկությունների, ճշգրիտ հայտարարագրել նաև ապրանքների քաշերը: Հակառակ դեպքում՝ հայտարարագրված տեղեկություններում ռիսկերի կառավարման համակարգի ցուցումներով և այլ եղանակով ոչ ճշգրիտ տվյալների հայտնաբերումը մաքսային մարմինների կողմից կարող է հանգեցնել օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության։
Նշենք, որ ՊԵԿ-ը նախաձեռնել է ստեղծել և ներդնել համապատասխան էլեկտրոնային համակարգ, որը հնարավորության կտա ավտոմատ կերպով անհրաժեշտ տեղեկատվություն ստանալ յուրաքանչյուր բեռնատարի վերաբերյալ՝ նվազեցնելով հայտարարատուների կողմից իրականացվող անհրաժեշտ միջոցառումների քանակը։
Նշված Էլեկտրոնային հարթակի ստեղծման աշխատանքներն արդեն մեկնարկել են։