Դագաղներով իշխանության եկած Փաշինյանի սեգմենտը խրախճանքի մեջ է. քաղաքական սպանություններ էլի կլինեն. Նաիրա Զոհրաբյան

Շիրակցի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի նկատմամբ կատարվեց քաղաքական հաշվեհարդար, և այն ավարտվեց քաղաքական սպանությամբ։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան հանգամանքներին, նման տեսակետ հայտնեց «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ-ի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ ընդգծելով.

«Հիմա փորձելու են պատճառները բարդել քրեակատարողական հիմնարկի վրա, իհարկե, կվերցնեն աշխատանքից կազատեն բուժքրոջը և կփորձեն դրանով ավարտել այս թեման։ Պետք է նշեմ, որ Արմեն Գրիգորյանին դատարանի շենք էին բերել առավոտյան ժամը 11։00-ին և առաջին հարկի սենյակում պահեցին մինչև 14։30։ Դատարանում բժիշկ չկար, ճնշման սարքավորում չկար։ Հիմա փորձելու ենք հասկանալ, թե ինչո՞ւ չկար, չէ՞ որ Արմեն Գրիգորյանն ուներ բարձր ճնշում, նա մահացել է սրտի կաթվածից։ Մենք հիմա պետք է հասկանանք մահվանը նախորդող բոլոր հանգամանքները։ Քրեակատարողականի արձանագրությունների մեջ նշված է, որ Արմեն Գրիգորյանն ունեցել է բավականաչափ բարձր ճնշում, հիմա պետք է հասկանանք, թե ինչ է արվել դրա դեմ»,- ասաց Զոհրաբյանը՝ անդրադառնալով Արմեն Գրիգորյանին կալանավորած դատավոր Արուսյակ Ալեքսանյանի այն դիտարկմանը, թե ինքը ցավում է, որ մարդ է մահացել, սակայն ինքը պրոբլեմ չունի։

«Տիկին, Դուք պրոբլեմ ունեք։ Չեք էլ պատկերացնում, թե ինչ լրջագույն պրոբլեմներ ունեք։ Մենք ժամանակին բարեփոխում էինք մեր իրավական համակարգը, և հատուկ նշված էր, որ կալանքը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում։ Կալանավորել էիք Արմեն Գրիգորյանին, երբ չեն կալանավորել Նիկոլ Փաշինյանի կառավարական առանձնատան մոտ հղի կնոջը սպանած ու չկանգնած մարդուն. նա ազատության մեջ է, չեն կալանավորել Նիգավանում տեղի ունեցած սպանդի մասնակիցներին, երբ վինչեսթերով մարդուն գնդակահարել են. կա վարկած, որ կրակողը մեկ հոգի չի եղել»,- ասաց Զոհրաբյանը՝ շեշտելով՝ այսօր նույն քաղաքական հաշվեհարդարը շարունակվում է այլ անձանց նկատմամբ, դրանցից մեկն էլ Նարեկ Մանթաշյանն է, որի կալանքի տակ գտնվելը ևս մահվան սպառնալիք է։

Կարդացեք նաև

Ըստ Զոհրաբյանի՝ դագաղների շոուներով իշխանության եկածները հիմա դարձել են իրական թաղումների պատճառ։

«Վիրտուալ թաղումներով ու դագաղներով իշխանության եկած Փաշինյանի սեգմենտը հիմա խրախճանքի մեջ է, երբ կա իրական թաղում»,- ասաց Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ քաղաքական սպանություններ ՀՀ-ում շարունակելու են արձանագրվել, ինչը կանխելու և ատելության քարոզին վերջ տալու համար դիմում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հատուկենտ գիրք կարդացած մարդկանց։

«Հայկ Կոնջորյան, այդ թիմի եզակի գիրք կարդացած մարդ, կանգնեցրե՛ք արյան վրա խրախճանքը, սա պետականության վախճանն է»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս