Բաժիններ՝

Աշխարհիկ ցանկությունները

Կրկնապատիկ դժբախտություն է սպասվում նրանց, ովքեր չեն սանձահարում իրենց սիրտը, որն այնպիսի նյութական ցանկությունների է ձգտում, առանց որոնց կարելի է ապրել (մարմնական կրքերի մասին խոսք անգամ չի գնում), նրանց, ովքեր իրենց միտքը սրտում չեն կենտրոնացնում, որպեսզի այն հոգու հետ միասին տան Աստծուն:

– Հա՛յր, ինչ-որ բան ցանկանալը միշտ վա՞տ է:

– Ոչ, սրտի ցանկությունն ինքն իրենով չար չէ: Սակայն այն բաները, որոնք նույնիսկ մեղսական չեն, բայց սիրտը գրավելով՝ նվազեցնում են Քրիստոսի հանդեպ տածած սերը: Եվ այդպիսի անմեղ ցանկությունն էլ չար է դառնում, որովհետև դրա միջոցով թշնամին խանգարում է Քրիստոսի նկատմամբ ունեցած իմ սիրուն: Եթե ուզում եմ ինչ-որ օգտակար բան ունենալ, օրինակ՝ գիրք, և այդ օգտակար իրը գերում է սրտիս մի մասը, ապա այդպիսի ցանկությունը բարի չէ: Գիրքն ինչո՞ւ պետք է գերի իմ սիրտը: Ո՞րն է ավելի լավ՝ գիրք ցանկանա՞լ, թե՞ Քրիստոսին փափագել: Մարդկային յուրաքանչյուր ցանկություն, որքան էլ, որ այն լավը թվա, ավելի ցած է Քրիստոսին կամ սուրբ Աստվածածնին փափագելուց: Մի՞թե Աստված Իրեն լիովին ինձ չի տա, եթե ես Նրան իմ սիրտը տամ: Աստված մարդու սիրտն է փնտրում: «Տո՛ւր ինձ, որդյա՛կ, քո սիրտը» (Առակ. 23:26): Եվ եթե մարդ իր սիրտը Նրան է տալիս, ապա Աստված մարդուն տալիս է այն, ինչ նրա սիրտն է սիրում, եթե իհարկե դա նրան վնաս չի պատճառի: Սիրտը միայն այն ժամանակ իրեն զուր չի վատնում, երբ Քրիստոսին է տրվում: Եվ մարդ միայն Քրիստոսով է աստվածային սերը ստանում այս կյանքում, իսկ հավիտենական կյանքում՝ աստվածային խնդությունը:

Մենք պետք է խուսափենք աշխարհիկ բաներից, որպեսզի դրանք մեր սիրտը չգերեն: Օգտագործենք հասարակ իրեր, այնպիսիք, որ միայն մեր կարիքներն են հոգում: Սակայն պետք է հոգանք, որպեսզի մեր կողմից օգտագործվող իրերը հուսալի լինեն: Ցանկանալով որևէ գեղեցիկ իր գործածել, ես ողջ սիրտս եմ այդ գեղեցկությանը տալիս: Եվ հետո Աստծու համար տեղ չի մնում սրտումս: Օրինակ՝ ինչ-որ տան կողքով անցնելիս շքեղ զարդարանք ես տեսնում՝ մարմար, դրվագներ, հիանում ես քարերով ու սիրտդ այդ ամենի մեջ թողնում: Կամ խանութում ակնոցի մի գեղեցիկ շրջանակ ես տեսնում ու ցանկանում ես գնել: Եթե չգնես, ապա սիրտդ այդ խանութում կթողնես:

Եթե գնես ու կրես, ապա սիրտդ այդ շրջանակի մեջ դրված ու դրան սոսնձված կլինի: Հատկապես կանայք են այդ խայծը հեշտությամբ կուլ տալիս: Շատ քիչ կանայք կան, որ իրենց սիրտը փուչ բաների վրա չեն ծախսում: Ուզում եմ ասել, որ սատանան նրանց հարուստ սիրտը աշխարհիկ, գունավոր, փայլփլուն բաներով է հափշտակում: Եթե կնոջն ափսե հարկավոր լինի, ապա նա կփորձի ծաղիկներով ափսե գտնել: Ասես առանց ծաղիկների ափսեի մեջ նրա եփածը կթթվի: Իսկ որոշ հոգևոր կանայք լուրջ նկարներով են տարվում՝ (բյուզանդական) երկգլխանի արծիվներով և այլն:

Իսկ հետո հարցնում են. «Ինչո՞ւ ենք հոգևորի հանդեպ անտարբեր»:

Ախր ինչպե՞ս կարող ես ինչ-որ բան զգալ, երբ սիրտդ դարակների ու ապակեղենի միջև է բաշխվել: Դու սիրտ չունես, միայն մսի կտոր է՝ սրտամկանը, որ կրծքումդ տկտկում է ժամացույցի պես: Իսկ սրտի այդպիսի մեխանիկական աշխատանքը բավարար է քայլելու համար միայն: Որովհետև սրտի մի մասը մի բանի վրա է ծախսվում, մյուս մասը՝ մեկ այլ բանի և Քրիստոսի համար ոչինչ չի մնում:

– Հա՛յր, նշանակում է, որ նույնիսկ այդքան պարզ ցանկություններն էլ մեղավո՞ր են:

– Այդ ցանկությունները, որքան էլ որ անմեղ լինեն, ավելի վատն են, քան մեղավոր ցանկությունները: Որովհետև ժամանակի ընթացքում մարդ մեղավոր ցանկությունը որպես մեղք կընդունի, կսկսի խղճի խայթ զգալ ու ջանք կթափի ուղղվելու համար: Նա կապաշխարի, կասի. «Մեղա՜ Քեզ, Տե՛ր Աստված»: Իսկ այն «բարի» ցանկություններն, ընդհակառակը, նրան չեն անհանգստացնում, մարդ կարծում է, որ ամեն ինչ կարգին է: «Ես,- ասում է,- սիրում եմ ամեն լավն ու գեղեցիկը:

Չէ՞ որ Աստված նույնպես ամեն ինչ գեղեցիկ ստեղծեց»: Այո, այդպես է, բայց այդպիսի մարդու սերը ոչ թե Արարչին է ուղղված, այլ՝ արարածին: Այդ պատճառով էլ լավ է, եթե մենք արմատախիլ ենք անում ամեն տեսակի ցանկությունները: Երբ մարդ որևէ ջանք է գործադրում Քրիստոսի համար, զոհաբերում է այն, ինչ սիրում է, որքան էլ որ այն լավը լինի, և անում է այն, ինչ չի սիրում, ապա Աստված նրան մեծ հանգստություն է պարգևում: Սիրտն աշխարհիկ ցանկություններ է ունենում և դրանցով է ուրախանում մինչև մաքրվելը:

Սակայն մաքրվելով, սիրտը տխրում է աշխարհիկ ցանկություններից, զզվանք է զգում դրանց նկատմամբ: Եվ այդ ժամանակ սկսում է հոգևորով ուրախանալ: Այդկերպ խորշելով աշխարհիկ ցանկություններից, սիրտն սկսում է մաքրվել: Իսկ երբ չի խորշում՝ տարվում է դրանցով: Բայց տես, թե որն է խնդիրը. մենք չենք ցանկանում նույնիսկ մի փոքր նեղություն պատճառել մեր ներսի հին մարդուն, այլ ուզում ենք նրա քմահաճույքները կատարել: Եվ ինչպե՞ս պիտի Քրիստոսի հետևորդները լինենք դրանից հետո:

– Հա՛յր, եթե ես դժվարանում եմ որևէ ցանկություն հաղթահարել, ապա պետք է համառե՞մ իմ պայքարում:

– Այո՛: Եթե նույնիսկ սիրտդ տխրի, որ իր ուզածը չես անում, պետք չէ լսել նրան, որովհետև նրան լսելով՝ նախ աշխարհիկ ուրախություն ես ապրում, հետո՝ աշխարհիկ անհանգստություն: Իսկ եթե սրտիդ չես լսում, ու նա տխրում է, որ իր ցանկությունը չես կատարում, իսկ դու ուրախանում ես, ապա աստվածային երանություն է գալիս: Եվ մեր խնդիրն էլ աստվածային երանություն ստանալն է:

Այսինքն՝ աստվածային երանության արժանանալու համար բոլոր ցանկությունները, նույնիսկ լավերը, պետք է արմատախիլ արվեն, պետք է քմահաճությունն արմատախիլ արվի: Այդ ժամանակ է մարդ խոնարհ դառնում: Իսկ երբ նա խոնարհ է դառնում, գալիս է աստվածային երանությունը: Երբ սիրտը սառչում է աշխարհիկի նկատմամբ, սկսում է ուրախանալ հոգևոր առումով: Պետք է սովորել հնարավորինս խուսափել աշխարհիկ մխիթարությունից և զբաղվել ներքին հոգևոր աշխատանքով՝ աստվածային մխիթարության հասնելու համար:

Հայր Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս