«Մենք՝ Փաշինյանի աջակիցներս, ՔՊ-ին չե՛նք ընտրելու, դաշնակին, հանրապետականին կընտրենք, բայց՝ ո՛չ Տավրոսին, ընդդիմադիրների թեկնածուները խելքը գլխին մարդիկ են»․ Թալինի բնակիչներ

Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքում բունտ է հասունանում՝ Փաշինյանի երբեմնի աջակիցները դեմ են նրա ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջադրած համայնքապետի թեկնածուին՝ Տավրոս Սափեյանին։

Թալինի խոշորացված համայնքի մի խումբ ՔՊ-ական երիտասարդներ 168.am-ի հետ զրույցում ասացին, որ այս պահին համայնքի ՔՊ-ական, ավելի ճիշտ՝ փաշինյանական ակտիվը քննարկում է՝ ինչպես անել, որ իշխանությունը Սափեյանին փոխարինի մեկ ուրիշ թեկնածուով։

«Տավրոս Սափեյանը չի վայելում ո՛չ Թալին քաղաքի, ո՛չ էլ համայնքում ընդգրկված մյուս գյուղերի բնակիչների հարգանքը։ Ցանկացած մեկի մոտ որ ասեք՝ Սափեյան, կասեն՝ էդ հանցագործները… եթե բարձր էլ չասեն, հաստատ մտքում կասեն։ Մենք ատում ենք իրենց, իրենց բեսպրեդել վիճակը։ Ամբողջ Թալինն իրենով է արել, Քարակերտի Ջրային կոմիտեն իրենով է արել, հորեղբոր տղուն՝ Անդրանիկ Սափեյանին, հայտնի միջադեպով՝ կրակոցներով, նշանակեց ջրայինի պետ․․․ Մի խոսքով՝ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ինքը չլինի մեր համայնքապետը»,- ասացին մեր զրուցակիցները։

Հարցին՝ եթե իրոք համայնքում շատերն են դեմ Տավրոս Սափեյանին, ինչո՞ւ բողոքի ակցիա չեն իրականացնում, քանի որ նաև նման հայտարարություններ էին ժամանակին հնչում, ընդհուպ սպառնում էին՝ ճանապարհ, երկաթգիծ փակել, թալինցի տղաները պատասխանեցին․

«Ներկա պահին ակտիվ գյուղատնտեսական աշխատանքներ են գնում, մարդիկ հազիվ իրենց քրտինքով ստեղծած բերքն են հավաքում, որ մի հարց լուծեն… Մեր կողմից ճիշտ չի լինի էս պահին ճանապարհ փակել, որովհետև դրանով արդեն գյուղացին դուրս ա գալու գյուղացու դեմ։ Մարդիկ հազիվ ծիրան առնող են ճարել, որ 300 դրամով տանեն, ճանապարհը փակենք, ծիրանը մնա փչանա՞․․․ Մենք լայնամասշտաբ ակցիաները սկսելու ենք օգոստոսի վերջ, ու էդ ժամանակ Տավրոսը կտեսնի՝ որը որից հետո է»։

Մեր զրուցակիցները նաև ասացին, որ դժգոհության մեծ ալիքը հասունացել է Արագածավան համայնքում, որը սեպտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների արդյունքում ընդգրկվելու է Թալինի կազմում․

«Արագածավանի մեր գաղափարակիցները՝ Նիկոլ Փաշինյանի հավատարիմ աջակիցները, ամեն ինչ անելու են, որ ՔՊ-ի թեկնածու Տավրոսը չդառնա համայնքապետ։ Հիմա Տավրոսը ինչ-որ խաղեր է տալիս, փորձում է Արագածավանի «ուժեղ տղերք»-ին իրենով անի, մեկին՝ պաշտոն խոսք տալով, մյուսին՝ աշխատանք, բայց չգիտի, որ մենք էդ ամեն ինչից տեղյակ ենք, որ էդ տղերքը մեր հետ են․․․»։

Մեզ ահազանգած Թալինի բնակիչների միջնորդությամբ կապ հաստատեցինք նաև Արագածավանի ՔՊ ակտիվի մի քանի երիտասարդների հետ։ Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ գործողություններ են պատրաստվում իրականացնել․

«Մենք՝ Փաշինյանի աջակիցներս, ՔՊ-ի չե՛նք ընտրելու, դաշնակին, հանրապետականին կընտրենք, բայց՝ ոչ Տավրոսին, նրանց թեկնածուները խելքը գլխին մարդիկ են․․․։ Եթե իշխանությունը կարծում է, որ առանց մեզ կկարողանա հաղթել, սխալվում է, վերահսկելու ենք ցանկացած ընտրատեղամաս, մի հատ թեթև խախտում, նույն պահին հրապարակելու ենք։ Դե բռնվե՛ք։ Մենք մեր վրդովմունքը Սուրեն Պապիկյանին էլ ենք հասցրել, Արագածոտնի մարզպետին էլ, այլ պաշտոնյաների էլ․․․»։

Հարցին, բայց չէ՞ որ Տավրոս Սափեյանը նախորդ ամիս Արագածավանի մթերային խանութում հանդիպել էր ՔՊ ակտիվի հետ․․․ Արագածավնի բնակիչները թույլ չտալով հարցն ավարտել՝ արձագանքեցին․

«Մեր տղերքն իրեն ոչ մի բան չեն խոստացել, եթե ինչ-որ մեկն էլ խոստացել է, Տավրոսը թող իրենից ստանա հարցերի պատասխանը։ Մենք շատ բան գիտենք, բայց դեռ չենք խոսում, բայց Տավրոսին խորհուրդ կտանք՝ էլ չգա Արագածավան, իր հետ խոսալու բան չունենք, իրեն չե՛նք ընտրելու և վե՛րջ»։

Ավելի վաղ 168.amգրել էր, որ ուղիղ 1 տարի առաջ Նիկոլ Փաշինյանին վարդի թերթերով դիմավորած Արագածավանում դժգոհություն է հասունանում։ Մարդիկ դեմ են համայնքների խոշորացմանը, ինչպես նաև խոշորացվող համայնքի ղեկավարի թեկնածու Տավրոս Սափեյանին։

Տեսանյութեր

Լրահոս