Բաժիններ՝

Մոտակա մեկ ամսվա ընթացքում Լարսի անցակետում հերթերի խնդիրն ամբողջությամբ կլուծվի. Քերոբյան

Լարսի թողունակությունը վերջին 1.5 ամսվա ընթացքում էապես մեծացել է. ՀՀ կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Կրկնակի ավելացել է հայկական մեքենաների թողունակությունը: Եթե երկու ամիս առաջ Լարսով անցնող հայկական մեքենաների միջին օրական քանակը 130 էր, հիմա մոտավորապես 250 է»,-ասաց նա:

Քերոբյանի խոսքով` արագ փչացող ապրանքների արագ անցումը էապես թեթևացրել է գյուղմթերք արտահանողների աշխատանքն ու նվազեցրել է ռիսկերը:

«Կարծում ենք, որ մոտակա մեկ ամսվա ընթացքում հերթերի խնդիրն ամբողջությամբ կլուծվի, հերթերը կվերանան, և մենք խնդիր չենք ունենա մինչև եղանակային պայմանների վատանալը»,-ասաց նա:

Անդրադառնալով լաստանավային փոխադրումների տարբերակներին՝ նախարարն ասաց, որ ակնկալվում է` հարցը լուծում կստանա մոտակա օրերին: «Եթե ոչ, Բաթումի նավահանգստի միջոցով կկարողանանք նույն գործողությունն անել և ստեղծել ալտերնատիվ տարբերակ: Խնդիրն այն է, որ Հոլանդական ընկերությունը միացել է Ռուսաստանի դեմ սանկցիաներին և սանկցիաների պատճառով թույլտվության ստացումն ուշանում է: Բաթումիի ընկերությունը ղեկավարվում է ֆիլիպինյան ընկերության կողմից, որտեղից թույլտվություն ստանալն ավելի հեշտ է: Կարծում ենք, որ լավ տարբերակը Փոթիի նավահանգիստն է, բայց եթե դա չլինի, կանենք երկրորդ տարբերակը»,-ասաց Քերոբյանը:

Անդրադառնալով գնաճին՝ էկոնոմիկայի նախարարն ասաց, որ կենտրոնական բանկն իր գործիքակազմով պայքարում է գնաճի դեմ:

«Սննդամթերքի բարձր գների պատճառով մենք կանգնած ենք աղքատության ավելացման վտանգի առջև, և կառավարությունն այս առումով մի քանի գործողություն է պատրաստում: Բարձրանալու են նվազագույն աշխատավարձերն ու թոշակները, կստեղծվեն նոր աշխատատեղեր»,-ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս