Այս կառավարությունն ու խորհրդարանը հանրային ընկալման մեջ դավաճանների հավաքածու են․ Զարուհի Փոստանջյան
Եթե դիտարկենք իրադարձությունները, ակնհայտ է, որ երբ կա ձևակերպված փողոցային պայքար, կարելի է գեներացնել նաև խորհրդարանական ճգնաժամ։ Ընդդիմադիր գործիչների պաշտոնազրկումներն ԱԺ-ում կարող են նպաստել խորհրդարանական ճգնաժամին, բայց դժվար է միանշանակ հաստատել դա։ Ի վերջո, պատգամավորները կարող են նաև հրաժարվել մանդատներից, և դա կարող է ուղեկցվել բողոքի համալիր փողոցային գործողություններով։ Ոչ միայն Երևան քաղաքում, այլև հանրապետության տարբեր քաղաքների հրապարակներում և պողոտաներում պետք է լինեն բողոքի զանգվածային ակցիաներ, ինչի արդյունքում կառաջանա խորհրդարանական ճգնաժամ, ապա և ընտրություններ կնշանակվեն։ Դրանք պետք է լինեն որոշակի ձևաչափով՝ ժամանակավոր կառավարության հոգածության ներքո, որը պետք է սպասարկի հավասար պայմաններում արդար ընտրությունների անցկացումը։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։
«Ապրիլի 17-ից խորհրդարանական տիտղոսային ընդդիմությունը, դուրս գալով փողոց, այնուամենայնիվ չկարողացավ հարուցել այնպիսի իրավիճակ, երբ մանդատների տիրապետելով՝ խորհրդարանին կստիպեր առնվազն մեկ տարով ընտրել ժամանակավոր կառավարություն, որի միջոցով էլ հետագայում կսպասարկվեր հավասար պայմաններում արդար ընտրությունների անցկացումը։ Շուրջ երկու ամսվա բողոքի ակցիաների արդյունքում առաջացած ճգնաժամը, այդպիսով, չհանգեցրեց խորհրդարանի կողմից ժամանակավոր կառավարության ձևավորման։ Այս փորձն արդեն առկա է, սակայն այն դեռևս սպասված պտուղները չի տվել։ Եթե ընդդիմադիր պատգամավորները որոշում են վայր դնել մանդատները, օրուգիշեր այն սպասարկող գործողություններ պետք է իրականացնեն։ Անհրաժեշտ է նաև ժամկետներ սահմանել, ասել, թե քանի՞ օրից մենք չենք ունենալու հանրության ընկալմամբ դավաճանների հավաքածու այս կառավարությունն ու խորհրդարանը»,- ասաց քաղաքական գործիչը։
«Եթե ընդդիմությունը չի կարողանում խորհրդարանի մեծամասնությունից պոկել իրեն անհրաժեշտ այն ձայները, որոնցով կարող է ստեղծվել նոր ժամանակավոր կառավարություն, ապա, իհարկե, պետք է ամեն ինչ անել, որ մանդատները չգործեն, լեգիտիմ չլինեն, ժողովրդի անունից դրանցով ապագայում որոշումներ չկայացվեն։ Ամեն օր ընդունվում են օրենքներ, և դրանց անունից մեզ ճնշում են։ Անցած չորս տարում այս խորհրդարանն օրենքների այնպիսի բազա ընդունեց, որը հիմնահատակ ոտնահարում է մարդու իրավունքները։ Մենք հայրենազրկվել ենք, մեր երիտասարդներին ցեղասպանել են, և դա չի եղել վաղ անցյալում։ Մարդիկ կան, որոնք այս պահին դեռևս որոնումների մեջ են, որոշ ծնողներ չգիտեն՝ որտե՞ղ են իրենց զավակները, ունենք գերիներ, և ամեն օր սպասում ենք նոր հարձակման կամ հողային զիջումների։ Այս ամենը մեր առօրյան է, հետևաբար՝ երաշխիք ունե՞նք, որ ցանկացած ապագա ընտրություն այս իշխանությունը չի կեղծելու»,- նշեց Զարուհի Փոստանջյանը։
Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ իշխանությունը պատերազմ է կեղծել, և 44 օրերի ընթացքում, ընդհուպ մինչև Փաշինյանի չարաբաստիկ ստորագրությունը դնելը, ասվում էր, թե Շուշիի մատույցներում մարտեր ենք վարում, երբ այն հանձնված էր․ «Մարդիկ կեղծել են պատերազմի տեղեկատվական հոսքերը։ Այսօր էլ ամեն ինչ նրանց ձեռքում է։ Միանշանակ է, որ կեղծելու են ընտրությունները, եթե այն իրենք կազմակերպեն։ Նիկոլ Փաշինյանը, լինելով հրաժարական տված վարչապետ, հանդես էր գալիս որպես վարչապետի պաշտոնակատար և ընտրություններ էր կազմակերպում։ Ոստիկանությունը, անձնագրերը, ամեն ինչն իրենց ձեռքում է։ Պարզ է, որ կեղծելու են առաջիկայում սպասվող Երևանի ավագանու ընտրությունները։ Երբ տեսնում ենք, թե ինչպիսի հայտեր են ներկայացված, ակնհայտ է, որ սա ոչ թե հանուն Երևան քաղաքի, այլ քաղաքական խմբակների միջև պայքար է։ Այդ խմբակներն ունեն իրենց ուրույն նպատակները, որոնք չեն համընկնում քաղաքի խնդիրների և շահերի հետ»:
«ԲԴԽ նոր նախագահը կլինի ավելի տաղանդավոր կամակատար, ավելի մեծ տաղանդների տեր՝ վատ իմաստով։ Եթե նախկինն ուներ որոշ զսպող գործոններ՝ իր անձով պայմանավորված, այս երիտասարդներն ամեն ինչի ունակ են։ Նույնը վերաբերում է ապագա գլխավոր դատախազին և ընդհանրապես ցանկացած բարձրաստիճան պաշտոնյայի։ Այս մարդիկ՝ փողոցից եկած, որևէ պետական մարմնով կամ քաղաքական օղակով չեն անցել, փորձ կամ պատասխանատվություն բացարձակ չունեն, երբեք որևէ կառույցում չեն աշխատել, հետևաբար՝ չեն համապատասխանում այդ պաշտոններին։ Նրանք անձնային այնպիսի որակներ ունեն, որ ինչ պատվիրես, դա էլ կկատարեն։ Միգուցե այլ մեկի մոտ դա չստացվի, որովհետև նա ունի զսպող գործոններ և չի գնա այդպիսի պատվերների, բայց սրանք ամեն ինչի ունակ են։ Նրանց փորձի բացակայությունն իրենց չի կաշկանդում»,- ամփոփեց Զարուհի Փոստանջյանը: