
50 Cent-ը Երևանի կենտրոնից լուսանկար է հրապարակել

50 Cent-ը, ով երեկ համերգ է ունեցել «Հրազդան» մարզադաշտում, Երևանի կենտրոնից լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Ես առաջին հիփ հոփ կատարողն եմ, որը ելույթ է ունենում Երեւանում, Հայաստանում։ GLG. Greenlight Gang: Ես կվերադառնամ»:
Նշենք, որ երգիչը մնացել է «Երևան» հյուրանոցում, ու, թերևս, հենց հյուրանոցի պատշգամից էլ արել է այս լուսանկարը։
Հիշեցնենք, որ երգիչը Հայաստանում էր «Հայա» երաժշտական փառատոնի շրջանակում։
«Հայան» նոր նախագիծ է, որը Հայաստանում կստեղծի համերգային գործունեության նոր ձևաչափ: Այն նախատեսված է տասնյակ հազարավոր հանդիսատես ունեցող լայնածավալ միջոցառումների համար: Փառատոնի շրջանակում հունիսի 25-ին ելույթ է ունեցել ֆրանսիացի երգչուհի Զազը, իսկ հուլիսի 9-ին «Հրազդան» մարզադաշտում ելույթ կունենա Led Zeppelin Symphonic նախագիծը:
Փառատոնը կյանքի է կոչվում «Սոնատի» ընկերության ջանքերով: Ամիսներ առաջ ընկերության համահիմնադիր Սոնա Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպմանը շեշտել էր՝ բանակցություններ են վարում 2023-ին Հայաստանում Ջենիֆեր Լոպեսին, Էնրիկե Իգլեսիասին և այլ հանրաճանաչ աստղերի հյուրընկալելու ուղղությամբ: