
«Տղեք, ինչու չէ՝ նաև աղջկեք, այս պահին որոշում չեմ կայացրել, կարող եք խորը շունչ քաշել ու հանգիստ լինել». Հայկ Մարությանի պատասխանը Ավինյանին, Փաշինյանին, մնացածներին

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարութանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս և մի շարք այլ իշխանական «անաչառ» լրատվամիջոցներ այսօր ամբողջ օրը այս նյութն են տարածում: Ժամանակը խնայելու համար երկար տեքստը կարդալ իմաստ չունի` դրա միակ իմաստն, իհարկե հնչեղ վերնագիրն է։
Դե, իսկ շարժառիթը անգամ քաղաքականությամբ չզբաղվող մեր քաղաքացիներն են հասկանում․ Ֆալշստարտով քաղաքապետի թեկնածու հայտարարած քաղաքական ուժը հանրությանը «պատրաստում է ընտրություններին»:
Տղեք, ինչու չէ նաև աղջկեք, ես Երևանի հաջորդ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ այս պահին որոշում չեմ կայացրել , կարող եք խորը շունչ քաշել ու հանգիստ լինել։
Հ․Գ․ Հատկանշական է, որ ՊՎԾ-ն քաղաքապետարանում 2018-2021 թվականների չարաշահումներն էր փնտրում։ Դրանից առաջ ու դրանից հետո փաստորեն ոչինչ տեղի չի ունեցել ))»։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան լուր տարածվեց, որ Radar Armenia-ի աղբյուրների փոխանցմամբ` «ՀՀ վարչապետին ենթակա Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է իրականացրել Երևանի քաղաքապետարանում և 2018-2021թթ. գործունեության վերաբերյալ մեծ ծավալի խախտումներ հայտնաբերել։ Այսպես, պարզվել է, որ 2018-2021թթ. ընթացքում, ընդհանուր առմամբ, պետությանը հասցված վնասի չափը կազմում է շուրջ 16 միլիարդ ՀՀ դրամ՝ մոտ 40 միլիոն ԱՄՆ դոլար»,-գրել է կայքը։
Ըստ կայքի՝ նշված չարաշահումները վերաբերում են Երևանի քաղաքային տնտեսության գրեթե բոլոր ոլորտներին, այդ թվում՝ շինթույլտվությունների տրամադրմանը, գույքահարկի վճարումներին, ինքնակամ կառույցների օրինականացմանը և այլն։
Ուշագրավ է, որ այդ տեղեկությունը տարածում է Երևանի դե ֆակտո քաղաքապետ Տիգրան Ավինյանի անվան հետ կապվող կայքը՝ հղում կատարելով իր աղբյուրներին: Հատկանշական է նաև, որ արդեն մի քանի ամիս Տիգրան Ավինյանը, ով կառավարող ուժի թեկնածուն է Երևանի ավագանու գալիք ընտրություններում, իսկական քարոզարծշավ է սկսել: Շրջում է համայնքներով, նշանակում է համայնքապետեր, ամրացնում դիրքերը: