Տիգրան Ավինյանը վախենո՞ւմ է Հայկ Մարությանից
Այսօր առավոտյան լուր տարածվեց, որ Radar Armenia-ի աղբյուրների փոխանցմամբ` «ՀՀ վարչապետին ենթակա Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է իրականացրել Երևանի քաղաքապետարանում և 2018-2021թթ. գործունեության վերաբերյալ մեծ ծավալի խախտումներ հայտնաբերել։ Այսպես, պարզվել է, որ 2018-2021թթ. ընթացքում, ընդհանուր առմամբ, պետությանը հասցված վնասի չափը կազմում է շուրջ 16 միլիարդ ՀՀ դրամ՝ մոտ 40 միլիոն ԱՄՆ դոլար»,-գրել է կայքը։
Ըստ կայքի՝ նշված չարաշահումները վերաբերում են Երևանի քաղաքային տնտեսության գրեթե բոլոր ոլորտներին, այդ թվում՝ շինթույլտվությունների տրամադրմանը, գույքահարկի վճարումներին, ինքնակամ կառույցների օրինականացմանը և այլն։
Ուշագրավ է, որ այդ տեղեկությունը տարածում է Երևանի դե ֆակտո քաղաքապետ Տիգրան Ավինյանի անվան հետ կապվող կայքը՝ հղում կատարելով իր աղբյուրներին: Հատկանշական է նաև, որ արդեն մի քանի ամիս Տիգրան Ավինյանը, ով կառավարող ուժի թեկնածուն է Երևանի ավագանու գալիք ընտրություններում, իսկական քարոզարծշավ է սկսել: Շրջում է համայնքներով, նշանակում է համայնքապետեր, ամրացնում դիրքերը:
Հիմա ներկայացնենք Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումների ամբողջական պատկերը.
• Հազարավոր մեքենաների համար չեն հաշվառվել ու չեն հավաքագրվել ավելի քան 250 միլիոն դրամի գույքահարկի գումարներ, ավելի քան 550 փոխադրամիջոցներ ցույց են տրվել որպես վաճառված ու գույքահարկի գումարները զրոյացվել են և այլն։
• Շինթույլտվությունների տրամադրման գործընթացում արձանագրված չարաշահումներից ուշագրավ է այն, որ դրանց ընդհանուր քանակի շուրջ 82 տոկոսը տրամադրվել է ժամկետից ուշ, իսկ 10 տոկոս մերժումների դեպքում քաղաքացիներին անգամ մերժման հիմքի մասին ոչինչ չի ասվել։ 2018-2021թթ. ընթացքում Երևանի քաղաքապետի որոշումներով օրինականացվել են 3346 ինքնակամ կառույցներ, սակայն 2491-ի դեպքում օրենքով սահմանված տուգանքներ չեն կիրառվել՝ մայրաքաղաքի բյուջեն զրկելով ավելի քան 650 միլիոն դրամ եկամուտ ունենալու հնարավորությունից։ Կան դեպքեր, երբ շինթույլտվությունները ուշացվել են շուրջ 255 օր, և դեպքեր, երբ դրանք տրվել են անմիջապես դիմումի ընդունման օրը։ 1054 դեպքով իրականացվել են շինարարության թույլտվությունների ժամկետների երկարաձգումներ, որոնցից 542 օբյեկտի նկատմամբ չեն կիրառվել օրենքով սահմանված վարչական տուգանքներ։ Ի դեպ, դրանցից 43-ի դեպքում չկիրառված տուգանքների ընդհանուր չափը անցնում է 6 միլիարդ ՀՀ դրամը։
• ՊՎԾ-ի բացահայտումներով՝ Երևանի տարբեր փողոցների նորոգման և ճեղքերի փակման աշխատանքները կատարվել են թերացումներով կամ անգամ չեն իրականացվել, սակայն դրանց դիմաց ավել վճարումներ են կատարվել։
• Ուշագրավ է, որ քաղաքապետարանի աշխատակիցներին «ծառայողական պարտականությունները կատարելու» հիմնավորմամբ հատկացվել է մեծածավալ քանակի վառելիք՝ առանց հիմնավորելու, թե որ աշխատակցին ինչքան վառելիք է հարկավոր եղել այդ պարտականությունների կատարման համար։ Հետաքրքիր է, որ անգամ արձակուրդում գտնվող աշխատակիցների համար է վառելիք ելքագրվել։
• Ըստ Radar Armenia-ի տեղեկությունների` ՊՎԾ ուսումնասիրությամբ նաև պարզվել է, որ մի շարք հողամասերի դեպքում հրապարակային աճուրդների փոխարեն տեղի է ունեցել ուղղակի վաճառք, որը մի քանի անգամ պակաս է շուկայական և աճուրդային կարգով վաճառքի արժեքներից։
Կայքը նաև մի քանի ուշագրավ տվյալներ է առանձնացրել՝ ներկայացնելու համար, թե ինչպիսի և ինչ ծավալների չարաշահումների մասին է խոսքը։
● 4747 փոխադրամիջոցների համար չի հաշվառվել ու չի հավաքագրվել 269 մլն դրամի գույքահարկ։
● 567 փոխադրամիջոցներ նշվել են որպես օտարված, ինչի արդյունքում 59 մլն դրամի չափով գույքահարկ զրոյացվել է։
● 6932 շինթույլտվություններից 5716-ը (82.5%) տրամադրվել են նախատեսված ժամկետներից ուշ:
● 3346 ինքնակամ կառույցների օրինականացում, որոնցից 2491-ի դեպքում տուգանքներ չեն կիրառվել։
● Կապալառու կազմակերպությունների կողմից Երևան քաղաքի վարչական շրջաններին 2019-2021թթ. չի տրամադրվել 50501.5 խմ ասֆալտի տաշվածք՝ շուրջ 288 մլն դրամ արժեքով։
● Չհիմնավորված կամ առերևույթ չկատարված 23827.9 քմ ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման աշխատանքների համար ավել է վճարվել 84 մլն դրամ։
● 2018-2021թթ. մոտ 160 մլն ՀՀ դրամի 447.050 լիտր վառելիք ելքագրվել է քաղաքապետարանի աշխատակիցների միջև անձնական օգտագործման ավտոմեքենաները ծառայողական նպատակով օգտագործելու դիմաց։
● 2019-2021թթ. ընթացքում թվով 14 դեպքում աշխատակիցները գտնվել են արձակուրդում, սակայն նրանց տվյալ ժամանակահատվածի համար ելքագրվել է 960 լիտր վառելիք։
●2016-2021թթ. ընթացքում «Երևանի կոշտ թափոնների կառավարման» ծրագրի շրջանակներում նախատեսված և հատկացված միջոցներից ծախսվել է ընդամենը 496 հազար եվրո, սակայն ծրագրով նախատեսված՝ Նուբարաշենի առկա աղբավայրի հարակից շուրջ 32 հա տարածքում եվրոպական չափանիշներին համապատասխան նոր աղբավայրի կառուցման աշխատանքները պարզապես չեն կատարվում։
Հետաքրքրական է, որ շինթույլտվությունների ուշացման հետ կապված դժգոհությունների պատճառները բացահայտելու նպատակով դեռևս 2020թ. ՊՎԾ-ն փորձել էր ստուգումներ կատարել քաղաքապետարանում, սակայն դրանք ձգձգվել էին մի քանի ամիս, համապատասխան փաստաթղթերը չէին տրամադրվում, և, վերջիվերջո, քաղաքապետի միջամտությամբ դրանք դադարեցվել էին։ 2022թ. վերսկսված ստուգումների արդյունքում արձանագրված բացահայտումները թերևս անհետևանք չեն մնալու` վերածվելով աղմկահարույց քրեական գործերի։