Նիկոլ Փաշինյանն ու հազարան բՄբուլը
ՀՀ դատախազության ստեղծման 104-ամյակին և Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին այսօր ներկա է եղել նաև Նիկոլ Փաշինյանը։
Շնորհավորելով դատախազության աշխատողներին, Փաշինյանն ասել է, որ այն շատ դժվար աշխատանք է, և որպես համեմատություն՝ հիշել է հայտնի հեքիաթը՝ «Հազարան բլբուլը»․
«Դատախազը մեր ամենահայտնի հեքիաթներից մեկի՝ «Հազարան բմբուլի» հերոսի նման, պետք է կարողանա հաղթահարել բարձունքը՝ առանց շեղվելու կողքից հնչող գայթակղող և վախեցնող ձայներից»։
Փաշինյանի՝ «Հազարան ԲՄԲՈՒԼ» արտահայտությունը կհամարեինք վիրիպակ, եթե այդ մասին նա նախորդ տարի՝ քարոզարշավի ժամանակ ևս չհիշեր։
Մասնավորապես, 2021 հունիսի 8-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ՝ Օշականում, նա կրկին համեմատականներ էր տանում «Հազարան բմբուլ» (իր խոսքերն են) հեքիաթի և ՀՀ քաղաքացիների միջև։
«Այսօր մեր ժողովուրդը, ՀՀ քաղաքացիները, մենք բոլորս հայտնվել ենք «Հազարան բմբուլի», «Հազարան բմբուլ» հայտնի հեքիաթի հերոսի կարգավիճակում։ Երեխեք, կարդացե՞լ եք էդ հեքիաթը՝ «Հազարան բմբուլը», ո՞վ է կարդացել։ Ի՞նչ է լինում, երբ հերոսը վերջում սար է բարձրանում։ Ի՞նչ պետք է անի էդ հերոսը»,- Օշականում հավաքված քաղաքացիներին, այդ թվում՝ երեխաներին, հարցնում էր Փաշինյանը։
Ներկաներից որևէ մեկը ճիշտ պատասխանը չգիտեր, ուստի Փաշինյանը ներկայացրել էր հեքիաթի շարունակությունը․
«Վերջում «Հազարան բմբուլի» հեքիաթն ավարտվում է հետևյալ կերպ։ Երբ հերոսը բարձունքը հաղթահարում է, շատ կարևոր է, որ ինքն աղմուկ-աղաղակից չշեղվի և ետ չնայի, որովհետև որ պահին ետ է նայում՝ քարանում է նույն պահին․․․»։
Այստեղից կարելի է հետևություն անել, որ Փաշինյանը ոչ թե վրիպել է, այլ չգիտի իր սիրելի հեքիաթի անունը, որ ոչ թե՝ «Հազարան բՄբուլ» է, այլ՝ «Հազարան բլբուլ»։