Թուրքիան երկու «հաճախորդներից» ընտրեց Արևմուտքին. հնարավոր զարգացումները․ Արմեն Պետրոսյան
Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բավականին տևական սակարկություններից հետո #Թուրքիան չարգելափակեց #ՆԱՏՕ-ին #Ֆինլանդիայի և #Շվեդիայի անդամակցության գործընթացը։
Ի՞նչ է այս հանգամանքը նշանակում, և ի՞նչ զարգացումներ կարելի է կանխատեսել.
Հնարավոր արդյունքները.
1. Արևելյան առևտրականի տրամաբանությամբ շարժվող Թուրքիան իր երկու «հաճախորդներից»՝ Ռուսաստանից և Արևմուտքից(պայմանական ձևակերպմամբ), ինչպես և կանխատեսվում էր, ընտրեց երկրորդին, որից, ըստ էության, առկա պայմաններում շատ ավելի շոշափելի հաղթաթղթեր է հնարավոր կորզել։
2. Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ առանձին պայմանավորվածությունների համաձայն՝ Անկարային կարող է հաջողվել ստանալ սկանդինավյան երկու երկրներին նախապես ներկայացված առնվազն 10 կետանոց պահանջների իրականացումը։
3. Կողմնակի էֆֆեկտով կարող է դրական ֆոն ապահովվել #ԱՄՆ-ի և #ԵՄ-անդամ երկրների հետ ոչ միանշանակ հարաբերություններին, ռազմավարական հարցերի օրակարգերին։
4. #Արևմուտքից գոնե առժամանակ ստանալ առավել բարենպաստ դիրքորոշում Արևելյան #Միջերկարականում և #Էգեյան ծովում եղած խնդիրների հետ կապված։
5. Հասնել հատկապես ԱՄՆ-ի առավել լոյալ մոտեցման Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ սահմանափակ ռազմագործողություն իրականացնելու հարցում, որը կարող է խնդիրներ առաջացնել Թուրքիա-#Ռուսաստան, Թուրքիա-#Իրան, Թուրքիա-#Սիրիա հարաբերություններում և ներկայում բխում է #Վաշինգտոնի շահերից։
Հնարավոր հետևանքները.
1. ՆԱՏՕ-ում Անկարայի քննարկվող մոտեցումը հերթական ռազմավարական վնասը հասցրեց Մոսկվային։ Հետևաբար, չի բացառվում, որ Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները տվյալ շրջափուլում կարող են տեղափոխվել համագործակցայինից մրցակցային հարթություն, որը երկկողմ տարաբնույթ ձևաչափերից բացի, կարող է ազդել միաժամանակ մի քանի տարածաշրջաններում և հակամարտություններում կողմերի համագործակցային փոխգործակցության վրա։
Ա) Տնտեսական, էներգետիկ, ռազմատեխնիկական ոլորտներում հարաբերությունների ժամանակավոր սառեցման հնարավորություն։ Մասնավորապես, նշված ոլորտներում Մոսկվան կարող է նվազեցնել հետաքրքրությունը կամ արհեստական խնդիրներ առաջացնել մասնավոր ոլորտում փոխհարաբերություններին(առևտուր, զբոսաշրջություն և այլն)։
Բ) #Ուկրաինական ճգնաժամում, #սիրիական հակամարտությունում, #արցախյան հիմնախնդրում, հայ-թուրքական կարգավորման գործընթացում Թուրքիային արտոնված դերակատարման խոչընդոտում։ Մասնավորապես, նշված բոլոր հիմնախնդիրներում #Մոսկվան կարող է զգալիորեն նվազեցնել #Անկարայի մանևրի հնարավորությունները, որոնք վերջինին զիջվել էին Թուրքիա-Արևմուտք հարաբերություններում խնդիրներ հարուցելու կրեմլյան մարտավարության արդյունքում։
#հարափոփոխ_տարածաշրջան»։