«Թուրքիան հայ-թուրքական սահմանի բացումը թողել է տարածաշրջանային կարգավորումների վերջին փուլին». ինչո՞ւ է գործընթացը մտել փակուղի

Վիեննայում վաղը կայանալիք հայ-թուրքական չորրորդ հանդիպման նախօրեին ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը խոսել է գործընթացի մասին՝ արձանագրելով՝ չկա առաջընթաց: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ բանակցող Ռուբինյանն ասել է, որ հայ-թուրքական բանակցությունների հաջողությունը կախված է Թուրքիայի քաղաքական կամքից։

«Գործընթացի մեկնարկից ի վեր Հայաստանը շատ կառուցողական է եղել և ունի քաղաքական կամք և ցուցադրել է քաղաքական կամքը արագ կարգավորման հասնելու։ Սակայն գործընթացի հաջողությունը կախված է Թուրքիայի կառուցողական մոտեցումից և քաղաքական կամքից։ Մինչ այս պահն առանձնապես մեծ առաջընթաց չկա, ինչը տեսանելի է»,- ասել է Ռուբինյանը։

Նրա խոսքով` այս պահին որևէ փաստաթուղթ չկա, որի շուրջ պետք է քննարկում ծավալվի։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ է հաջորդ հանդիպման համար երրորդ երկիր ընտրվել (Վիեննա), եթե թուրքական կողմը հայտարարել էր, թե պատրաստ է Երևան գալ, Ռուբինյանը պատասխանել է` եթե քաղաքական կամք կա հանդիպման համար, ապա վայրը տեխնիկական հարց է։

Բացի այդ, ըստ նրա, Թուրքիայի առաջարկը ենթադրում է, որ նրանք գործընթացն ուզում են տեսնել իրապես որպես երկկողմ ընթացող պրոցես։ Սրան զուգահեռ, Ռուբինյանի գնահատմամբ, տարօրինակ են Թուրքիայի տարբեր պաշտոնյաների հայտարարությունները, թե իրենք գործընթացը համաձայնեցնում են Ադրբեջանի հետ։

«Չէի ասի, որ նահանջ եմ զգում, բայց մեծ առաջընթացի մասին նույնպես հնարավոր չէ խոսել, ցավոք»,- ասել է Ռուբինյանը, շարունակելով, թե չէր ասի նաև, որ շատ ոգևորված սկսվեց ամեն բան:

«Բայց չէի ասի նաև, որ հիմա շատ մեծ հիասթափություն կա։ Գործընթացը դեռ շոշափելի արդյունքներ չի տվել, բայց դա չի նշանակում, որ այն չի կարող տալ, բայց չի էլ նշանակում, որ հաստատ տալու է»,- այսպես է ձևակերպել իր միտքը Ռուբինյանը՝ հավելելով, որ հանդիպումները շատ նորմալ են անցնում, բայց կարևորը ոչ թե բանակցողի տրամադրվածությունն է, այլ այն երկրի, որը ներկայացնում է բանակցողը:

Ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հայկական կողմի հոռետեսականությունը պայմանավորված է այն ակնկալիքներով, որոնք ուներ հայկական կողմը Թուրքիայից՝ բանակցությունների մեկնարկին հայ-թուրքական սահմանի բացում: Թեև, նրա խոսքով, Թուրքիայի իշխանությունները Հայաստանի շրջափակումը շարունակելու պաշտոնապես որևէ պատճառ չունեն, նրանք, ըստ էության, Ադրբեջանի քաղաքականության պատանդներն են, քանի որ գուցե այլ դասավորության դեպքում նրանք բացեին սահմանը:

Սակայն ռուս թուրքագետն ասաց, որ Ադրբեջանն ունի երկու խնդիր՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցքի հարցը, որոնց հարցում Ադրբեջանի իշխանությունները չափազանց հաստատակամ դուրս եկան նույնիսկ պատերազմում իրենց հաղթանակից հետո:

«ՀՀ-ն կարծես պատրանքներ ուներ, որ եթե հիմնական նախապայմանը պատերազմով վերացել է, ապա Թուրքիան բացելու է սահմանը, հայ-թուրքական հարաբերությունները սերտանալու են, և Ադրբեջանի քաղաքականությունը գուցե ավելի է թուլանալու, հետևաբար՝ Ադրբեջանի ազդեցությունը Թուրքիայի նկատմամբ: Այդ ամենը երևում է այն հայտարարություններից, որոնք անում է Երևանը: Իսկ առանց Ադրբեջանի՝ Հայաստանի ներկայիս դիրքորոշման պարագայում այլ անելիք չէր մնում, քան հաստատել դիվանագիտական հարաբերություններ և բացել սահմանը։ Սակայն Թուրքիան և Ադրբեջանը դա պահում են՝ որպես Հայաստանի ու այդ երկրների հետ ընդհանուր կարգավորման վերջին քայլերից մեկը, քանի որ այս փուլում հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի համար լուրջ քայլ կլինի, բայց կստացվի, որ դեռ պետք է լուծվի, և Հայաստանը կշարունակի բանակցել կարգավիճակի ու միջանցքի հարցերը՝ այս անընդհատ փոփոխվող աշխարհում ու հիմնական խաղացողների քաշային կատեգորիաների փոփոխությունների դեպքում: Ուստի Ադրբեջանն ու Թուրքիան որքան կարողանում են՝ պահում են իրենց դիրքորոշումները՝ զուգահեռաբար փորձելով գործընթացից դուրս բերել բոլոր, այսպես ասած, հայամետ միջնորդներին:

Սակայն այդ բացումն էլ կլինի միայն այն դեպքում, երբ Երևանը 2 գլխավոր հարցերում կբավարարի Ադրբեջանի պահանջները: Համաձայնագրերով ԼՂ կարգավիճակի հարցը կամ այդ հարցի բացակայությունն արձանագրելն Ադրբեջանի համար առանցքային հարց է, քանի որ Ադրբեջանի ներսում ևս այդ հարցի նկատմամբ էական ուշադրություն կա, իսկ միջանցքը վերաբերում է Թուրքիայի և Ադրբեջանի ապագային:

Թուրքիայի հետ հարաբերությունների սերտ կամ հնարավորինս արագ կարգավորման հասնելու ցանկությունը հայկական կողմի ակնհայտ է և հայկական կողմը համարում է, որ պատերազմով բոլոր թեմաները, խոչընդոտները փակվել են։ Սակայն դա այդպես չէ, և հայ-թուրքական կարգավորումն ու կոնկրետ սահմանի բացումը կլինի տարածաշրջանային կարգավորման վերջին քայլերից մեկը»,- ասաց վերլուծաբանը:

Մյուս կողմից, նրա խոսքով, գործընթացը ոչ ոք չի խզի, եթե ռեգիոնում չլինեն ֆորսմաժորային իրավիճակներ, գուցե առանց արդյունքների երկարաձգվի:

Տեսանյութեր

Լրահոս