Հայ-թուրքական չորրորդ ռաունդը. ի՞նչ են քննարկելու ներկայացուցիչները և ի՞նչ սպասել գործընթացից

Հուլիսի 1-ին Վիեննայում սպասվում է Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների բանակցությունների չորրորդ ռաունդը: Հանդիպման մասին երկու օր առաջ հայտարարեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը, հանդիպումից այլ մանրամասներ չհայտնելով:

Հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի մասնակցությամբ հայ-թուրքական գործընթացն առարկայական փուլ մտավ հունվարի 14-ին, երբ նրանք առաջին անգամ հանդիպեցին Մոսկվայում: Այս ընթացքում Ռուբինյանն ու Քըլըչը ունեցել են ևս երկու հանդիպում Վիեննայում՝ փետրվարի 24-ին և մայիսի 3-ին, և առաջիկայում կայանալիք հանդիպումը լինելու է նրանց թվով չորրորդ հանդիպումը: Թեև բոլոր հանդիպումներից հետո կողմերը վերահաստատում են գործընթացն առանց նախապայմանների շարունակելու պատրաստակամությունը՝ հայտարարելով, որ բանակցությունների վերջնական նպատակը հարաբերությունների լիարժեք կարգավորումն է, վերջերս Ադրբեջանի նախագահական աշխատակազմի արտաքին քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը ուղիղ տեքստով նշել էր, որ Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու են սինխրոն՝ միաժամանակ:

Զուգահեռաբար՝ տարբեր թուրք պաշտոնյաներ անընդհատ ՀՀ իշխանություններին հորդորում են չերկարաձգել և բացել, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը: Այդպիսի կոչ օրերս Բաքվում արել էր նաև Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ Ադրբեջանի և Ղազախստանի ԱԳ և տրանսպորտի նախարարների եռակողմ հանդիպման ընթացքում։ «Մենք վճռականորեն աջակցում ենք Զանգեզուրի միջանցքի բացմանը։ Այն պետք է միմյանց կապի Ադրբեջանի արևմտյան շրջանները և Նախիջևանը։ Մենք ակնկալում ենք, որ դա տեղի կունենա հնարավորինս շուտ»,-  նշել էր Թուրքիայի արտգործնախարարը։

Ի դեպ, նախօրեին նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աշգաբադում մեկնարկած Կասպյան գագաթնաժողովում ելույթ ունենալով հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքն» արդեն իրականություն է դառնում՝ հաշվի առնելով լայնածավալ աշխատանքները, որոնք իրականացվում են Ղարաբաղում հակամարտության ավարտից հետո։

Հունիսի 28-ին Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանը փորձում է փոքր քայլերով առաջ գնալ․ «Հնարավոր է փոքր քայլերով գնալ առաջ։ Եթե բանակցում ենք, ապա որոշակի ըմբռնում կա, որ հնարավոր է հարաբերությունները կարգավորել»։

Նրա խոսքով` Ադրբեջանը և Թուրքիան այս հարցով հիմա էլ իրար հետ խորհրդակցությունների մեջ են, իսկ թե որքանո՞վ է այդ կապն ամուր` ընթացքում կերևա։ Փաշինյանը նաև նշել էր, թե իրենք տեսնում են Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորություն և տրամադրված են ամեն ինչ անել այդ հնարավորությունն օգտագործելու համար։ Նա նշում է, որ Թուրքիայից անընդհատ հնչող «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը շատ ուղիղ ձևով խոչընդոտում է գործընթացին։ Սակայն սա, ըստ նրա, չի նշանակում, որ այդ հայտարարություններից հետո Հայաստանը դադարեցնելու է Թուրքիայի հետ երկխոսությունը։

«168 Ժամ»-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Ուվե Հալբախն ասաց, որ բանակցային գործընթացը հայ և թուրք ներկայացուցիչների միջև կարծես լուրջ արդյունքներ չի արձանագրում, բացի շփումները, որոնք երկար ժամանակ կողմերի միջև բացակայել են: Ըստ նրա, արդյունքներ չկան, քանի որ առավելապես Ադրբեջանը և հենց Ադրբեջանի և Թուրքիայի հնարավոր բոլոր քայլերը փորձում է կապել իր խնդիրների և տարածաշրջանային նպատակների հետ, որոնք, բնականաբար, խորթ չեն նաև Թուրքիայի համար:

«Թուրքիայում, ամենայն հավանականությամբ, մտածում են, որ շտապելու որևէ բան չունեն, իսկ Հայաստանում մտածում են, որ Բաքուն ու Անկարան ինչ-որ փուլում գուցե այդքան սերտ չհամագործակցեն, և իսկապես բանակցությունները տեղի ունենան առանց նախապայմանների, սակայն Թուրքիայի և Ադրբեջանի դեպքում դա մի փոքր անհասկանալի հասկացություն է, քանի որ դա չափազանց սերտ, սերտաճած քաղաքականություն է, քանի որ Թուրքիայի ու Ադրբեջանի տարածաշրջանային շահերը նույնական են:

Եվ պետք է նկատել, որ նրանք ակտիվ աշխատում են, Վրաստանի, Ղազախստանի հետ եռակողմ բանակցային հարթակի ներդրումը ևս կարևոր հանգրվան էր այդ երկու երկրների արտաքին համագործակցությունների տեսանկյունից: Հիշելով այն, թե ինչ տեղի ունեցավ տարեսկզբին Ղազախստանում, Ռուսաստանն ինչ դեր ունեցավ, ու Թուրքիան ինչ դեր էր ցանկանում ունենալ, որ չունեցավ, հաշվի առնելով, թե Ռուսաստանի համար Ղազախստանն ինչ կարևորության երկիր է, ապա այս ուղղությամբ Թուրքիայի հայացքը ոչ անսպասելի, սակայն կարևոր քայլ է՝ հասկանալու համար թուրքական քաղաքականությունը: Շատ ուղղություններով թուրքական ազդեցության տարածման փորձ է՝ ի հակադրություն կամ ի համադրություն Ռուսաստանի, քանի որ այս բաժանումը Ռուսաստանի ու Թուրքիայի դեպքում շատ նուրբ է: Այս ֆոնին Հայաստանի հետ թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի խնդիրները մեծ խնդիր են, և նրանք սա փորձում են լուծել փաթեթային ձևով, ինչը նորություն չէ: Ուստի ներկայացուցիչների հանդիպումները կարևոր են, բայց փոխկապակցված, և չկան արդյունքներ, քանի որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կան տարաձայնություններ, որոնք նաև հրապարակային հայտարարությունների տողատակերում է երևում»,- նկատեց եվրոպացի փորձագետը:

Իր հերթին՝ ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ Թուրքիան ու Ադրբեջանը հետևողական են իրենց տարածաշրջանային նպատակների շուրջ, որոնցից ամենակարևորը Հայաստանի տարածքով անցնող ճանապարհն է: Ըստ նրա, այդ ճանապարհի «միջանցք» կարգավիճակը, ինչպես երևում է, նրանց երկարաժամկետ պլանն է, որի ուղղությամբ, անկախ ներկայումս կայացվող որոշումներից, նրանք կշարունակեն աշխատել:

«Այդ հարցում, իհարկե, աշխարհաքաղաքական իրավիճակը և Թուրքիայի, Ադրբեջանի ամրապնդումը այս նոր իրավիճակում չափազանց կարևոր է, սա է պատճառը նաև նրանց ակտիվ արտաքին քաղաքականության, նոր որոշումների: Եթե նրանք հրաժարված լինեին միջանցքի գաղափարից, երևի թե այդ մասին չէին շարունակի նշել: Այնուամենայնիվ, այս պահի դրությամբ պետք է նաև ամրագրել այն հանգամանքը, որ բոլոր գլխավոր խաղացողների համար դա դիտարկվում է՝ որպես ճանապարհ: Բայց եթե ընդհանուր առմամբ դիտարկենք ավելի լայն գործընթացները տարածաշրջանում, ապա Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի երկխոսությունը, մեղմ ասած, հարթ չի ընթանում, Ռուսաստանն էլ տարված է իր խնդիրներով, որը Հայաստանի համար հավելյալ բարդություններ է ստեղծում, ինչպես նաև անորոշություն բոլոր երկրների համար, որոնք արդյունքներ են ակնկալում հենց այս պահին»,- նկատեց նա:

Նրա կարծիքով՝ հայ-թուրքական բանակցային գործընթացի դինամիկան ավելի անորոշ է ամեն դեպքում, քանի որ քննարկվող թեմաները կոնկրետ փակ են, և դժվար է ասել, թե որ պահին ինչ կքննարկեն կողմերը, սեղանին ինչ թեմաներ են դրվում:

Տեսանյութեր

Լրահոս