«Նիկոլ Փաշինյանը հակառուսական տրամադրություններ է գեներացնում․․․ նա թքեց Ռուսաստանի երեսին»․ Նաիրա Զոհրաբյան
Հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ երեկ տված առցանց «մամուլի ասուլիսին»՝ ասաց, որ զտված հարցերում Նիկոլ Փաշինյանն ասաց այն, ինչ սպասվելու է Արցախին և Հայաստանին։
«Այդ 3.5 ժամանոց ինքնաասուլիսը նվիրված էր նրան, որ շուտով չի լինելու Արցախ, շուտով պատերազմ է լինելու, Ադրբեջանը պատերազմ է սանձազերծելու Հայաստանի հանդեպ։
Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցերից մեկն ամենավտանգավորն էր։ Ո՞րն է չոքեչոք, ծնկաչոք խաղաղություն մուրալու այլընտրանքը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց շատ կարճ․ «Այլընտրանքը պատերազմն է», ապա ավելացրեց՝ «Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի Հայաստանի դեմ, Ադրբեջանն իր վերջին քայլերով փորձում է լեգիտիմ հիմքեր ստեղծել Հայաստանի դեմ պատերազմ սկսելու համար»։
Ինչի՞ համար Նիկոլն ասաց, որ Ադրբեջանը կաթիլ-կաթիլ նոր պատերազմի լեգիտիմություն է կուտակում, Ադրբեջանի գործողությունների նոր վեկտորը նոր պատերազմն է։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը, հայ ժողովուրդ, ձե՛զ, Նիկոլ ընտրած զանգված, ձե՛զ ասում է՝ եթե մենք ծնկաչոք չընդունենք Ադրբեջանի առաջարկած օրակարգը, այսինքն՝ Արցախի վրա չկապենք բանտիկ և չհանձնենք Ադրբեջանին, ապա Ադրբեջանը սկսելու է պատերազմ։ Անգամ ժամկետներ նշեց․ «Ես չեմ ասում՝ օրեր, շաբաթներ, բայց կարող է 1-2 ամսից այդ պատերազմը լինի»։
Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն աշխատում է իր հիմնական տեխնոլոգիական մանիպուլյատիվ կետերով, իսկ ասածը հետևյալն է՝ եթե չեք ուզում ևս 5000 տղա տանեմ՝ մորթեմ, սուսուփուս պիտի համակերպվեք Արցախն Ադրբեջանի կազմում, լռելյայն պիտի համակերպվեք այն միջանցքին, որի ռազմերները գծում է Ադրբեջանը, այլապես պատերազմն այլևս տեղափոխվելու է Հայաստանի տարածք․․․»․- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակմանը և ադրբեջանական կողմի հռետորաբանությանը, Զոհրաբյանը հարց ուղղեց իշխող քաղաքական թիմին․
«Նիկո՛լ, ինչի՞ ես վռազում, ինչի՞ եք վազում ապաշրջափակելու բոլոր կապուղիները, ինչի՞ եք Մեղրու միջանցքը․․․իրենք անունը դնում են միջանցք, դուք անունը կդնեք՝ Վալոդ, թե Հայկուշ, դա այն ճանապարհն է, որն ուզում է Ադրբեջանը․․․»։
Նաիրա Զոհրաբյանն ամփոփելով Նիկոլ Փաշինյանի «ասուլիսը», ընդգծեց ամենավտանգավոր դրվագը․
«Դա հետևյալն է, եթե անգամ մենք հիմա Ադրբեջանի հետ կնքենք խաղաղության պայմանագիր և համակերպվենք՝ Արցախն Ադրբեջանի կազմում, դա բացարձակապես երաշխիք չէ, որ շաբաթներ, ամիսներ կամ տարիներ անց Ադրբեջանը նոր պատերազմ չի սանձազերծելու արդեն Հայաստանի դեմ»։
Փաշինյանի երկրորդ վտանգավոր ուղերձը, ըստ Զոհրաբյանի՝ հետևյալն է․
«Նիկոլ Փաշինյանը թքեց Ռուսաստանի երեսին։ Որքան ես տեղյակ եմ՝ քաղաքական գործիչներից մեկը Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո հրատապ թաշկինակ է ուղարկել Պուտինի աշխատակազմ, որպեսզի այնտեղ մաքրեն Նիկոլ Փաշինյանի թուքը Ռուսաստանի երեսից։ Իսկ ի՞նչ ասաց Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը նախ ասաց՝ էս ի՞նչ էր Բաքվում խոսում Լավրովը, երբ նա պարտավոր է ներկայացնել Ռոռսաստանի տեսակետը։ Երկրորդ՝ ռազմագերիների ծնողներ, դիմում եմ ձեզ, նա ասաց՝ գնացե՛ք և ձեր որդիներին ուզեք Ռուսաստանից, ռուս խաղաղապահներից, որովհետև, ցիտում եմ Նիկոլին․ «90 տոկոս գերիները եղել են ռուս խաղաղապահների տեղակայումից հետո և նրանց վերահսկողության գոտուց»։ Այսինքն՝ ինքը գեներացնում է հակառուսական տրամադրություններ։ Ի դեպ, կան ռուսամետ քաղաքական ուժեր, որոնք ասում են՝ լա՛վ է անում, Ռուսաստա՛ն, ձեզ հասնում է, որովհետև, երբ քանիցս կար հնարավորություն այս ազգակործան պատուհասին հեռացնել իշխանությունից, ըստ լուրերի, որը փոխանցում են ընդդիմադիր ճակատից, դուք թույլ չեք տվել, դուք եք կանխել ազգակործան պատուհասի հեռացումը։ Հիմա նա ասում է, որ մեր գերիների մեղավորությունը ձերն է, գնացեք, ձեր որդիներին ուզեք Ռուսաստանից․․․»։