«Ծիրանը 70 դրամով են քաղում, 40 դրամով տանեմ՝ հանձնե՞մ, թող մնա, թափվի տակը»․ Արմաշի բնակիչ

Բազմաթիվ գյուղացիներ ահազանգում են, որ վերջին օրերին ծիրանը շատ ցածր գնով են մթերում․ պատճառաբանում են, թե բերքը մանր է։

168.am-ի նկարահանող խումբն ուղևորվել է Արարատի մարզի Արմաշ գյուղ, տեղում գյուղացիներից հետաքրքրվել, թե ի՞նչ խնդիր է առաջացել, արդյո՞ք բերքի մանր լինելն է էժան գնով մթերելու պատճառը։

Արմաշի բնակիչ Պարույր Բարսեղյանը մեզ հետ զրույցում ասաց, որ 15 տոննա բերքից ընդամենը 3 տոննա է հավաքել, դրանից հետո գինն արհեստական ձևով իջել է։ Անգամ չրեր արտադրող գործարանները, որ նախորդ տարիներին 150 դրամով էին գյուղացուց ծիրան գնում, այսօր ծայրահեղ ցածր գին են առաջարկում գյուղացուն՝ 40 դրամ։

«Ասում է՝ 40 դրամով բեր, հանձնի։ 70 դրամով քաղում են, 40 դրամով տանեմ, հանձնե՞մ, է թող մնա, թափվի տակը»,- ասաց Արմաշի բնակիչը։

Գյուղում ծիրանը հավաքելու համար աշխատողներ են վարձում, յուրաքանչյուրին 10.000-15.000 դրամ գումար են վճարում, բացի այդ, նաև սնունդ են տրամադրում։ Հավաքված բերքը հանձնելուց հետո ավելի քիչ եկամուտ է լինում, քան իրենց կատարած ծախսերը։

«Չգիտենք՝ ինչ անենք, շիվար մնացել ենք, 40 դրամով ես չեմ տա։ Նույն պատկերն էլ դաշտում է, ավելի բեթար, ու մենակ իմը չի, ընդհանուր դաշտերն են այդ վիճակին, մարդ կա՝ դաշտի կեսը քաղել է, կեսը՝ թողել։ Շատ անտանելի վիճակ է․․․»։

1 կիլոգրամ ծիրան քաղելու համար գյուղացին միայն 70 դրամ բանվորին է վճարում։ Ասում են՝ գոնե 150 դրամով վաճառեն, որ այդքան չարչարվելու դիմաց մի բան էլ իրենց մնա․

«Գոնե 150 դրամով, որ կիսվի։ Պատրաստ եմ 150-200 դրամով վաճառել․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս