Չգիտես՝ լա՞ս, թե՞ խնդաս. Ո՞վ է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր ընտրված Արծրուն Միրզոյանը
Ազգային ժողովի (ԱԺ) արտահերթ նիստում հրապարակվեցին ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի ընտրության գաղտնի քվեարկության արդյունքները։ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի պաշտոնում ընտրվեց Արծրուն Միրզոյանը: Նրա թեկնածությունը հաստատվեց միաձայն՝ 68 ձայնով։
Առաջին հայացքից կարող է թվալ՝ միաձայն ընտրված թեկնածուն սկզբունքային ու բանիմաց դատավոր է, բայց…
Սույն դատավորը ժամանակին մերժել է Բարձրագույն դատական խորհրդի դե ֆակտո նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հայցը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` իրեն կոչումից զրկելու մասին հրամանագրի դեմ: 2008թ. օգոստոսի 1-ն էր: Երևանի վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանը հենց այդ օրը մերժեց գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի հայցն ընդդեմ Հայաստանի նախագահի, որով Ջհանգիրյանը պահանջում էր անվավեր ճանաչել Ռոբերտ Քոչարյանի փետրվարի 23-ի երկու հրամանագրերը իրեն աշխատանքից ազատելու և դասային աստիճանից զրկելու մասին:
Հետո անցան տարիներ, ու Վճռաբեկը Երևանի վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանի վճիռը բեկանեց… Գտավ, որ անհիմն էր որոշումը։
Այսօր Արծրուն Միրզոյանն արդեն Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր է: