«Գազալցակայանի տեսախցիկների ձայնագրությունը վերացրել են»․ Ապարանում սպանված տղաների հարազատները պնդում են՝ սպանության հետքերը վերացնում են

Նախորդ շաբաթ՝ հունիսի 19-ին, Ապարանից Նիգավան գնացող ճանապարհահատվածում տեղի ունեցած արյունահեղության զոհ դարձած տղաների՝ 27-ամյա Համիկ Միքայելյանի և Տիգրան Հարությունյանի ծնողներն ու հարազատներն այսօր հավաքվել էին Ապարանի կենտրոնական հատվածում և արդար քննություն էին պահանջում։

Սպանված Տիգրան Հարությունյանի հայրը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ականատեսների խոսքով՝ միջադեպին մասնակցություն են ունեցել Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբորորդին, ինչպես նաև Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանի ազգականները։

Ավելին, ըստ զոհվածների ընտանիքի անդամների՝ միջադեպը տեղի է ունեցել ՔՊ-ական փոխմարզպետ Էդգար Փարվանյանի ընտանիքին պատկանող գազալցակայանում, ինչն արձանագրել են նաև գազալցակայանի տեսախցիկները, բայց․

«Ասում են՝ չկա այդ ձայնագրությունը։ Չկա՛, հանել, տարել, վերացրել են, որպեսզի ծածկեն էդ ամեն ինչը։ Եթե կամեռա կա, զապիս կա, ուրեմն առաջինն իրենց մոտ պետք ա լինի, չէ՞, իրենց մոտ չկա՛։ Մեզ եկել-հասել ա, որ կամեռայի սերվերը հանել-տարել են, վերացրել են։ Բացի պատգամավոր Մաթևոս Ասատրյանի եղբորից՝ Գռզոյից, էլի լիքը մարդիկ կան, կարող է նույնիսկ մարդիկ կան, որ մենք տեղյակ չենք, մենք ում գիտենք, նրանց ենք ասում․․․»։

Միջադեպի հետևանքով սպանված տղաների հարազատներն անդրադառնալով շրջանառվող այն լուրերին, թե մահացած տղաների հարազատները վենդետա են անելու, այդ իսկ պատճառով էլ Ապարանում ուժեղացված ծառայություն է իրականացվում, ասացին․

«Եթե վենդետայի վտանգ լիներ, հիմա եղած-պրծած կլիներ․․․ Իմ նպատակն այն է, որ այդտեղ ովքեր եղել են, բոլորը ձերբակալվեն։ Մենք չենք ուզում, որ նման բան անողներն Ապարանում ապրեն, ոչ թե մենակ իրենք, այլ իրենց ընտանիքներով։ Սենց ասեմ՝ Փարվանյանները չապրեն Ապարանում, որ ապարանցիները հանգիստ ապրեն, թե չէ՝ մենք չենք ուզում իրենց սպանենք․․․»։

 

Տեսանյութեր

Լրահոս