«Ջհանգիրյան Գագո՞ն է դատավոր, լո՞ւրջ. իրավաբան-գիտնական է հանդես գալիս, ու իր բառամթերքը, ամոթ է». Արամ Վարդևանյան

«Այս իշխանությունը բերել է ու բերելու է աղետ»,- Ֆրանսիայի հրապարակում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Նա ընդգծեց, որ իշխանությունները խաղաղության դարաշրջան էին խոստանում, բայց նոյեմբերի 9-ից հետո, պաշտոնական տվյալներով, 124 զոհ ունենք. «Երբ ամեն օր ձեզ վախեցրել են մեզնով, պատերազմով, մենք ունենք 124 զոհ՝ զինծառայողներ, 124 կյանք»:

Պատգամավորը նկատեց՝ այսքան տարի գործող իշխանությունները բոլորին համոզում էին, որ թալան կա, որ ամեն ինչ թանկ է, իրենք գալու են՝ թալանը դադար տան, փողերը բերեն բյուջե, կյանքն էլ լավանա.

«Բա ինչի՞ չեղավ, ինչո՞ւ ամեն ինչ թանկացավ, բյուջեն էլ չմեծացավ: Այս մարդիկ ձեր հաշվին միլիարդավոր դոլարներ են վերցնում՝ պարտք, որ հետո դուք ու ձեր երեխաները դա մուծեք: Հասկանո՞ւմ եք, որ ձեզ այդ հարցում էլ են խաբել»:

Անդրադառնալով իրավական համակարգին՝ նա նշեց. «Ջհանգիրյան Գագո՞ն է դատավոր, լո՞ւրջ: Մարդ, ով ասում է՝ ժամը 6-ից հետո ես զրույց եմ ունեցել, դա հաշիվ չէ, այսինքն՝ մինչև ժամը 6-ը մարդն աշխատում է դատավոր, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար, դրանից հետո քրեական ենթամշակույթի տարր, լո՞ւրջ: Իրավաբան-գիտնական է հանդես գալիս, ու իր բառամթերքը. Ամոթ է»:

Գագիկ Ջհանգիրյանին ուղղված Վարդևանյանի ամոթանքից հետո հանրահավաքի մասնակիցները ևս սկսեցին վանկարկել՝ ա-մո՜թ-ա-մո՜թ:

«Մենք դուրս ենք եկել պայքարի, որ ստին, կեղծիքին, ձևականությանը վերջ տանք, որ մեր երազանքը կերտենք: Մենք դուրս ենք եկել պայքարի, որ թուրքը Հայաստանում չորոշի՝ ինչ է լինելու: Դուք տեսնո՞ւմ եք՝ մեր պայքարից ամենաշատն ովքեր են նեղվում, ահաբեկվում, վախենում՝ օրվա իշխանությունների խմբակը ու թուրքը»,- նշեց Արամ Վարդևանյանը:

Տեսանյութեր

Լրահոս