«Կալանք տվող» դատավորները սպառնացել են բոլորով աշխատանքից ազատվելու դիմում գրել. ի՞նչ է խոստացել Գագիկ Ջհանգիրյանը
Շուրջ մեկ ամիս առաջ՝ մայիսի 25-ին, Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) պաշտոնական կայքում հաղորդագրություն տեղադրվեց, ըստ որի՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները քննող դատավորների նախաձեռնությամբ՝ նրանց նստավայրում հանդիպում-քննարկում է տեղի ունեցել ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գ. Ջհանգիրյանի հետ:
Քննարկման ընթացքում դատավորները բարձրաձայնել են իրենց գերծանրաբեռնվածության, այդ տեսակի միջնորդությունները քննող դատավորների խիստ փոքր թվի, միջնորդությունների որակի և դատավորների գործունեությանն առնչվող մի շարք այլ հարցեր:
«ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը ներկայացրել է Բարձրագույն դատական խորհրդի օրենսդրական և կազմակերպչական այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են դատավորների բարձրաձայնած խնդիրների լուծմանը: Երկուստեք կարևորվել է նման հանդիպումների շարունակական լինելու անհրաժեշտությունը»,- գրված էր ԲԴԽ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Պաշտոնական հաղորդագրության մեջ ուշագրավ է՝ հանդիպումը դատավորների նախաձեռնությամբ կազմակերպելու հանգամանքը:
168.am-ին այդ հանդիպման շարժառիթից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Պարզվում է՝ մինչդատական վարույթով, կամ ինչպես ավելի ընդունված է ասել, «կալանք տվող» դատավորները սպառնացել են բոլորով աշխատանքից ազատման դիմում գրել, և թեման իսկապես եղել է անմարդկային գերծանրաբեռնվածությունը: Մեր տեղեկություններով՝ նրանց են միացել նաև Վերաքննիչ քրեական դատարանի «կալանք տվող» դատավորները:
Նրանց դժգոհությունը, թերևս, տեղին է: Հատկապես վերջին 2 ամսում, երբ ընդդիմադիր շարժումը տարատեսակ ակցիաներ, բողոքի ու անհնազանդության երթեր, պիկետներ ու հանրահավաքներ է կազմակերպում, իրավապահները, այսպես ասած՝ «քիթ սրբելու» ժամանակ չունեն:
Հասարակական կարգի պահպանման շղարշի տակ անշեղորեն կատարվում է քաղաքական իշխանության կամքը, հարուցվում են քրեական գործեր խիստ երանելի ու հարմար զանգվածային անկարգություններին մասնակցելու հանցակազմով, ներկայացվում են կալանքի միջնորդություններ, որոնք կբավարարվե՞ն, թե՞ ոչ, բայց պետք է քննվեն, իսկ դա ահռելի ծանրաբեռնվածություն է պահանջում: Բնականաբար, բավարարված կալանքի միջնորդությունները բողոքարկվում են Վերաքննիչ դատարանում: Ու նույն խնդիրը տեղափոխվում է վերադաս ատյան:
Ինչևէ, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանին հաջողվել է հանդարտեցնել դատավորներին՝ խոստանալով նոր հաստիքներ և դրամական շահագրգռություն՝ աշխատավարձի բարձրացման տեսքով: Թե ինչ ժամկետներում՝ հասկանալի չէ:
Գագիկ Ջհանգիրյանը դատավորներին խնդրել է մի փոքր էլ սպասել:
«Պատկերացնո՞ւմ եք՝ համակարգի հետ ինչ կկատարվի, եթե հանկարծ բոլորով հեռանաք»,- ասել է նա:
Թեև հիմա Գագիկ Ջհանգիրյանի մտահոգությունն ամենևին էլ դա չէ՝ հաշվի առնելով երեկ հրապարակված ձայնագրությունը, բայց նա նաև չի կարող դատավորների պահանջները չբավարարել. «կալանք տվող» դատավորների համակարգի փլուզումը նա հաստատ չի մարսի: