«Գագիկ Ջհանգիրյանը պաշտոնից անհապաղ հեռացման ենթակա սուբյեկտ է, քրեական հետապնդում պետք է իրականացվի»․ Արամ Վարդևանյան
«Պետք է արձանագրենք, որ դատական համակարգի վերաբերյալ այն չնչին հույսերը, որոնք առհասարակ մեր հայրենակիցներից ոմանք կարող էին ունենալ, որ դատական համակարգը գործող է, արդար է և այլն, այսօր այդ բոլոր հույսերը ոչնչացվեցին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին առնչվող սկանդալային ձայնագրությանը։
«Գագիկ Ջհանգիրյանը երբեք չի եղել իմ դասախոսը, և փառք ու պատիվ, որ երբեք իմ դասախոսը չի եղել, բայց կան իրավաբանական ֆակուլտետի բազմաթիվ ուսանողներ, որոնք իրեն տեսել են՝ որպես դասախոսի։ Հիմա ինքը պատկերացնո՞ւմ է՝ իր ուսանողները, նախկին ուսանողները, շրջանավարտներն ինչ պատկերացում են կազմելու իրավաբան գիտնականի կերպարի վերաբերյալ։ Դուք այդ բառամթերքը լսո՞ւմ եք, լսո՞ւմ եք՝ ո՞նց է արտահայտվում Բարձրագույն դատական խորհրդի մասին, մի կառույցի, որտեղ ինքն իրավաբան գիտնական ընտրվել էր․․․»,- ասաց պատգամավորը:
Արամ Վարդևանյանը շեշտեց՝ հաջորդ արձանագրումն այն է, որ այս ձայնագրությամբ հաստատվեց, որ 2021 թվականի հունիսի 20-ի ընտրությունները 0 աստիճանի լեգիտիմություն ունեն․
«Գագիկ Ջհանգիրյանի ընտրության ժամանակացույցը նայեք, երբ ինքն ընտրվեց Ազգային ժողովի կողմից, որից հետո սկսվեց նախընտրական շրջանը։ Մարդն այդ ձայնագրության մեջ ասում է, որ իր վզին դրել են, որ ինքն այդ գործը պետք է անի, գործն էլ այն է, որ Քոչարյանը, Դաշնակցությունը չգան իշխանության․․․
Ինքը րոպե շուտ պետք է հեռանա այդ պաշտոնից, ի սկզբանե լեգիտիմ չի եղել այդ պաշտոնում, գիտեք՝ սահմանադրականության խնդիր կար, բայց Սահմանադրական դատարանն էլ, ավաղ, շատ դաժան ձևով սպառեց իրեն, ինչևէ, Գագիկ Ջհանգիրյանը չի կարող պաշտոնավարել, դուք հասկանո՞ւմ եք՝ նման բառամթերքով մարդը չի կարող պաշտոնավարել, և այո՛, իր նկատմամբ քրեական հետապնդում պետք է իրականացվի․․․
Ի վերջո, Գագիկ Ջհանգիրյանը խոսում է նրա մասին, որ ինքը կարող է գործեր տորմուզ տալ և ընթացք տալ։ Գագիկ Ջհանգիրյանը պաշտոնից անհապաղ հեռացման ենթակա սուբյեկտ է, քրեական հետապնդումն էլ իր նկատմամբ պետք է իրականացվի իր ինքնախոստովանականի վերաբերյալ․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում