«Իշխանությունում կան մարդիկ, որոնք ավելի հին են, քան Pentium 1-ը. նրանք ծառայել են ոչ միայն Տեր-Պետրոսյանին, Քոչարյանին և Սարգսյանին, այլև՝ Բրեժնևին ու Գորբաչովին». Իշխան Սաղաթելյան
«Ալիևը պետք է իմանա, որ Նիկոլը երկար կյանք չունի Հայաստանում: Նիկոլի հետ ձեռք բերած ցանկացած պայմանավորվածություն առոչինչ է: Իսկ սպառնալիքներով կարող է խոսել միայն Նիկոլի հետ, որովհետև հայ ժողովուրդը Նիկոլ չէ»,- Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:
«Հայ ժողովուրդը նույն այն ժողովուրդն է, ով ծնկի է բերել ալիևներին, և մեզ մոտ որևէ բան չի փոխվել»,- ընդգծեց նա:
Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ Փաշինյանի այն հայտարարությանը, որ՝ չկա որևէ երաշխիք, որ իր կողմից առաջարկված խաղաղության օրակարգն ունենալու է հաջողություն. «Տեսեք՝ ինչ է կատարվում: Նախորդ տարի այս օրերին ՀՀ քաղաքացիներին խոստացել է Արցախի ինքնորոշում, խաղաղության դարաշրջան, վերարտադրվել է, հիմա ասում է՝ որևէ երաշխիք չկա: Սա է դավաճանի էությունը»:
Նա ծիծաղելի է համարում այն, որ իշխանությունները մարդկանց բաժանում են հների և նորերի. «Այս իշխանությունում կան մարդիկ, որոնք ավելի հին են, քան, ասենք՝ Pentium 1-ը: Այս իշխանությունում կան մարդիկ, ովքեր ոչ միայն ծառայել են Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, այլ նաև Բրեժնևին ու Գորբաչովին, հետևաբար՝ նայեք ձեր կողքերը և տեսեք՝ ով է հին, ու այսօր ձեր միջի առանցքային պաշտոնյաները որտեղից են գալիս»:
Նա ընդգծեց, որ ուժեղ Հայաստանին հասնելու համար գլխավոր խոչընդոտը Նիկոլ Փաշինյանն է: