Չի կարելի գլխավոր դատախազին վերածել վարչապետի օգնականի և հակառակը. Արամ Վարդևանյան
«Տրամաբանությունը, որը մենք տեսնում ենք պետաիրավական համակարգում, կարճ թեզերով կներկայացնեմ և կներկայացնեմ այն սկզբունքները, որոնք չի կարելի անել ոչ մի իշխանության կողմից, ոչ մի պարագայում»,- Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության հրավիրած համապետական հանրահավաքի ժամանակ, դիմելով ներկաներին՝ ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Պատգամավորը շեշտեց՝ իրենց պատկերացմամբ՝ դատական համակարգը պետք է լինի անկա՛խ, անվա՛խ ու արդա՛ր․
«Միայն այս 3 բաղադիրչներով մենք կունենանք մեր պատկերացրած դատական համակարգը․․․
Քննչական մարմինների վերաբերյալ։ Պետք է ապահովվի, որ իրենք լինեն գործադիրից անկախ, որ գործեր չկարեն պատվերով, այլ լինեն արդար, իրենց գործին նվիրված։
Դատախազների վերաբերյալ։ Պատկերացնում ենք, որ պետք է լինեն ապաքաղաքական, սկսած գլխավոր դատախազից, իսկ ամենակարևորը՝ պետական կառավարման համակարգում պետք է լինի 1 սկզբունք՝ պրոֆեսիոնալիզմ, պրոֆեսիոնալի՛զմ։ Չի՛ կարող անկի՛րթ, անկենսագրություն մարդն այս երկրին պատասխանատվություն ունենա․․․»։
Վարդևանյանը նաև խոսեց «չիկարելիների» մասին․
«1. Չի կարելի ոստիկանին պարգևավճարով կախյալ դարձնել։
2. Անչափահասին, ապագա զինվորին ծեծող և զինվորներ ծնող հայ մայրերին ծեծող ոստիկաններին չի կարելի դուրս չշպրտել ոստիկանությունից, իսկ իրական ոստիկաններին արժանապատիվ կյանք չապահովել։
3. Չի կարելի դատավորին պատժիչ բութ գործիքի վերածել։
4. Միայն կալանավորող, կալանքը ֆետիշացնող դատավորներ չի կարելի կարգել, իսկ եղած նմաններին դուրս չշպրտել համակարգից։
5. Չի կարելի դատավորի միջոցով վարկերի բեռի տակ հայտնված բազմազավակ ընտանիքի միակ բնակարանը բռնագանձել, իսկ դղյակներից միայն խոսել ու վախենալ։
6. Չի կարելի քննիչներին ստիպել, իրենց խղճի դեմ գնալով, ապօրինի գործեր կարել, իսկ դատախազներից պահանջել դա հաստատել։
7. Չի կարելի գլխավոր դատախազին վերածել վարչապետի օգնականի կամ հակառակը։
8. Չի կարելի, որ արդարություն ապահովող դատավորի աշխատավարձը լինի ավելի ցածր, քան ոչինչ չանող ՔՊ-ական նախարարինը՝ իր պարգևավճարներով։
9. Չի կարելի, որ պետական բարձրագույն պաշտոններ զբաղեցնեն առանց բարձրագույն կրթության, առանց կենսագրության, առանց պրոֆեսիոնալիզմի, պարզապես իշխանության ու կոնկրետ շահերի ծառայող մարդիկ։ Այս ՉԻ ԿԱՐԵԼԻ-ները չեն լինելու, որովհետև մինչև վերջ ենք պայքարելու»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում