Պոպուլիզմի գծով Նիկոլ Փաշինյանի գերազանցիկ աշակերտը. Տիգրան Ավինյանը կա՛մ հիշողության կորուստ ունի, կա՛մ շատ վատ կարծիք իր ընտրազանգվածի մասին

«Սանկտ Պետերբուրգում ներկա եմ գտնվել Երևանի քաղաքապետարանի և ՌԴ-ում ու հետխորհրդային երկրներում մետրոյի նախագծման աշխատանքներ իրականացրած «Մետրոգիպրոտրանս» ընկերության միջև համաձայնագրի ստորագրմանը։ Համաձայնագրով նախատեսվում է իրականացնել մետրոյի Աջափնյակի կայարանի նախագծման աշխատանքները։  Քայլ առ քայլ իրագործում ենք մեր խոշոր ծրագրերը` մայրաքաղաքում բարեկեցիկ ու հարմարավետ միջավայր ձևավորելու նպատակով»։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին փոխվարչապետ, Երևանի դե ֆակտո քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Գրառմանը վերջինս կցել էր լուսանկարներ:

Ամեն ինչ հրաշալի կլիներ, եթե նույն համաձայնագիրն արդեն 2-րդ անգամ չստորագրվեր:

Նման մի հաղորդագրություն 2021թ. նոյեմբերի 24-ին ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նույն ընկերությունն է, նույն մարդը՝ «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնը:

Տիգրան Ավինյանն այսօր «կնքած» համաձայնագրով նախատեսել է իրականացնել մետրոյի Աջափնյակի կայարանի նախագծման աշխատանքները, մի բան, որ արդեն իսկ 2021թ. նոյեմբերին արել էր Հայկ Մարությանը:

Հայկ Մարությանի «Աջափնյակ» կայարանը, իհարկե, չկառուցվեց. ենթադրաբար չի կառուցվելու նաև Տիգրան Ավինյանի «Աջափնյակը»: Պարզապես Երևանի քաղաքապետի ընտրություններին ակտիվորեն պատրաստվող Տիգրան Ավինյանի համար իր ընտրազանգվածի ականջներից հերթական լապշան կախելու հարմար առիթ է սա: Միայն թե Նիկոլ Փաշինյանի թիմակիցը մոռանում է, որ մարդիկ հիշողություն ունեն:

Ի դեպ, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի` ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը համարվում է իրենց թիմի քիչ թե շատ խելացիներից մեկը. Կարող էր փոքր-ինչ կրեատիվ լինել ու նույն հաղորդագրությունը «քոփի-փասթ» սկզբունքով երկրորդ անգամ չշրջանառել:

Գոհար Սավզյան

Տեսանյութեր

Լրահոս