Փաշինյանի շնորհակալությունը ոստիկանությանը. ևս 2 միլիարդ՝ աշխատավարձերի ու հավելավճարների համար
Կառավարությունը ՀՀ ոստիկանության ծառայողների աշխատավարձերի և հավելավճարների համար նախատեսված գումարը հերթական անգամ ավելացրել է. այս անգամ ավելացումը կազմում է շուրջ 2 միլիարդ դրամ։
Ընդունված նախագծի համաձայն՝ առկա հատկացումները, պայմանավորված անձնակազմի ներկայիս փաստացի թվաքանակով, բավարար չեն 2019-2021 թթ․ ըստ առանձին պաշտոնների խմբերի տարեկան հաշվարկով ձևավորված անվանական աշխատավարձերի չափերի պահպանման համար, ուստի անհրաժեշտ է գումարն ավելացնել։
Կառավարությունը մեկ այլ որոշմամբ էլ ավելացրել է ոստիկանների սննդի համար նախատեսված գումարը։
Գումարն ավելացել է 215.1 մլն դրամով։
Ըստ ընդունված որոշման՝ լրացուցիչ անհրաժեշտ գումարը նախատեսվում է արտաքին ծառայությունում ընդգրկվող անձնակազմի ճաշարանային տարածքներից դուրս սննդի ապահովմանը (օրական 3 անգամ, 2970 դրամ մրցութային գնով)։
Դրանից բացի՝ Կառավարությունը հավելյալ 105 միլիոն դրամ էլ հատկացրել է ոստիկանությանը՝ ոստիկանության զորքերի տեխնիկական հագեցվածության բարելավման, ընթացիկ գործունեությանն անհրաժեշտ ապրանքների, նյութերի գծով առկա պահանջարկի ապահովման նպատակով։