Փաշինյանի խոստացած «Կյանքի պուրակ» նախագիծը կյանքի կկոչվի շուրջ 4.2 միլիարդ դրամով, մոտ 3 տարվա ընթացքում
Կառավարության այսօրվա նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պատերազմում նահատակվածներին նվիրված հուշակոթողներին և հուշահամալիրներին, դրանց ձևին և կառուցման տեղին։
«Գիտեք, որ մենք մասշտաբային ծրագիր ենք իրականացնում, մեր նահատակներին նվիրված հիշատակի այգի ենք ստեղծում Երևանի Բուսաբանական այգու հարակից տարածքում կամ հենց Բուսաբանական այգու տարածքում։ Մենք այդ նախագիծն անվանում ենք՝ «Կյանքի պուրակ», և մեր տրամաբանությունն այն է, որ դա պետք է լինի մի տեղ, որտեղ մարդիկ գնան, ընտանիքներով ժամանակ անցկացնեն, երեխաները խաղան, վազվզեն, և դա պետք է ընդգծի կյանքի տրամաբանությունը և ոչ թե՝ մահվան տրամաբանությունը։
Սա շատ նուրբ հարց է, բայց շատ տեղերում տեսել եմ, որ նման բաներ կան գյուղական և ոչ միայն գյուղական բնակավայրերի ամենակենտրոնում։ Երբ որ այդ հուշակոթողները կառուցված են մի փոքր այլ տրամաբանությամբ․ իհարկե, մենք հանդիսավոր բացումներ անում ենք, հարգանքի տուրք մատուցում ենք, բայց սովորաբար այլ ժամանակներում, երբ անցնում ենք այդտեղով, զգում ենք, որ մարդիկ, օրինակ՝ իրենց երեխաներին չեն վերցնի և գնա այդտեղ զբոսնելու․․․
Ես նկատի ունեմ՝ ճարտարապետությունը և քաղաքաշինությունը պետք է լինի այնպիսին, որ ոչ թե մարդիկ նպատակահարմար չհամարեն ինչ-ինչ պատճառներով երեխաներին տանել այնտեղ զբոսանքի՝ շատ հարցերից խուսափելու համար, այլ պետք է լինի այնպես, որ դա և մեր նահատակների հիշատակը բարձր պահի, մեր վերաբերմունքը, մեր հարգանքը, և մարդիկ ոչ թե խուսափեն իրենց երեխաներին տանել այնտեղ, այլ ընդհակառակը՝ տանեն իրենց երեխաներին այնտեղ և կարողանան կյանքի տրամաբանությունը շեշտել, որովհետև մեր նահատակները ընկել են, որ Հայաստանը ապրի, որ Արցախը ապրի»,- ասաց Փաշինյանը։
Նա իր աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց, թե «Կյանքի պուրակ»-ի աշխատանքներն ի՞նչ փուլում են։
«Նախագծման աշխատանքներն ավարտվել են, 2 օր առաջ նախագիծը փոխանցվել է ՏԿԵ նախարարությանը։ Ներկայում փորձագետի հետ պայմանագիր է ստորագրված և փորձագիտական կարծիքին են սպասում, կարծում եմ՝ առաջիկա 2-3 շաբաթների ընթացքում կունենանք այդ կարծիքը և կարող ենք սկսել շինարարական աշխատանքի մրցույթը․․․ Նախագծի ընդհանուր գումարը կկազմի մոտ 4.2 միլիարդ դրամ»,- ասաց Արայիկ Հարությունյանը, ապա հավելեց, որ պուրակի շինարարությունը կտևի մոտ 3 տարի։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում